342 դիտում, 2021.02.13 13:44

Շարժման ներսում ընտրությունների մասնակցության հարց չի քննարկվել. Սաղաթելյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Շարժման ներսում ընտրությունների մասնակցության հարց չի քննարկվել. Սաղաթելյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Շարժումը ներկայացրել է իր օրակարգը, դրանից այն կողմ շարժման անդամ ուժերը իրար նկատմամբ որեւէ պայմանավորվածություն կամ պարտավորություն չունեն, եթե լինեն ընտրություններ, իրավունք ունեն իրենց մասնակցության ֆորմատը որոշել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Պարո՛ն Սաղաթելյան, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը բացառված է, շարունակում են պահանջել նրա հրաժարականը եւ միեւնույն ժամանակ նշել է, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ԲՀԿ֊ն կմասնակցի միայնակ` առանց դաշինքի: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ընտրություններին միասին մասնակցելու օրակարգ չկա, չի լինելու:

Շարժման ներսում ընտրություններին մասնակցելու հարցեր չենք քննարկել, եւ հայտարարել ենք, որ մեր օրակարգը դա չէ: Ես շարժման մյուս կուսակցությունների դիրքորոշման մասին չեմ կարող ասել: Ընդհանրապես բոլորը քաղաքական առանձին ուժեր են, եթե ընտրություն լինի, իրենց իրավունքն է, ըստ իրավիճակի, իրենց մասնակցության ֆորմատի մասին որոշում ընդունել, ես սա շատ նորմալ եմ համարում:

Պարո՛ն Սաղաթելյան, Դուք բազմիցս անդրադարձել եք հարցին, թե տարաձայնություններ կա՞ն շարժման առաջնորդների միջեւ, թե ոչ, բայց արդյոք Ծառուկյանի հայտարարությունն էլ չի՞ կարող դիտարկվել, որ տարբեր ճանապարհներով եք գնում:

Տեսեք, շատ պարզ մարդիկ հայտարարում են, ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը, ասել է, որ համագործակցություն չի պատկերացնում, Նիկոլը պետք է հրաժարական տա, այսինքն` ասել է այն, ինչ ասում է շարժումը, բայց ասել է, որ եթե ընտրություն լինի, ինքը մասնակցելու է միայնակ, ինչը նորմալ է, դրանից չի կարելի ենթադրել, որ ինչ-որ խոր տարաձայնություններ կան:

Եթե առաջնորդվենք ժամանակավոր կառավարության առաջարկվող մոդելով, ապա դաշինքը կարո՞ղ է արդիական լինել միայն մեկ տարի:

Շարժումը ներկայացրել է իր օրակարգը, դրանից այն կողմ շարժման անդամ ուժերն իրար նկատմամբ որեւէ պայմանավորվածություն կամ պարտավորություն չունեն: Եթե մեր պահանջները իրականություն դառնան, մի շաբաթ հետո, ապա շարժումը մի շաբաթ հետո իր առաքելությունը կհամարի ավարտված, որովհետեւ հավաքվել ենք այն օրակարգով, ինչի մասին ասել ենք՝ հեռացնել այս չարիքը՝ կառավարությանը, ստեղծենք անցումային ժամանակավոր կառավարություն, որից հետո տեղի ունենան արտահերթ ընտրություններ: