կարևոր
1128 դիտում, 9 ամիս առաջ - 2021-02-12 12:43

1988-ի փետրվար․ 33 տարի առաջ սկսվեց Արցախյան Շարժումը

1988-ի փետրվար․ 33 տարի առաջ սկսվեց Արցախյան Շարժումը

33 տարի առաջ, 1988 թվականի փետրվարի 12-ին Արցախյան ազգային ազատագրական շարժումը մեկնարկեց Հադրութի հանրահավաքից, որի մասնակիցները պահանջեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: Հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր, «Կռունկ» կոմիտեի անդամներ Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք: Հադրութի հանդիպումը վերածվեց հանրահավաքի։

Միաժամանակ նախօրեին՝ 1988 թվականի փետրվարի 11-ին Ստեփանակերտում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզկոմի բյուրոյի նիստ, որի ընթացքում որոշվեց ԼՂԻՄ-ի շրջաններում՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաև մարզկենտրոն Ստեփանակերտում փետրվարի 12-ին անցկացնել կուսակցական և տնտեսական ղեկավարների հանդիպումներ, արձանագրություններ կազմելով դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձությունները՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա։ 

Հասարակությունը պաստառներով քայլում էր փողոցներով՝ վանկարկելով «Մի-ա-ցում, մի-ա-ցում, մի- ա- ցում»: Կարճ ժամկետում հանրահավաքների ալիքը շրջաններից հասավ մայրաքաղաք Ստեփանակերտ: Փետրվարի 13-ին ԼՂԻՄ-ում ընդհատակյա խմբերը, որոնք ստորագրահավաք էին կազմակերպել  Ղարաբաղը Հայաստանին միավորելու միջնորդությամբ Մոսկվային դիմելու համար, առաջին խոշոր հանրահավաքն են անցկացնում Ստեփանակերտի այսօրվա կենտրոնական հրապարակում, որտեղ տեղադրված էր Լենինի արձանը։ Հանրահավաքին մասնակցում է շուրջ 8000 մարդ։