կարևոր
1670 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-12 10:00

Նահանջ, Փաշինյանի կնքած գաղտնի բարաթով. «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկյանի հետ

Նախօրեին կառավարության խուսանավումների, ստերի ու Սյունիքի հարցում թաքուն գործողություններ իրականացնելու մասին թողարկումս համացանցում տեղադրելու համար խմբագրությանն առաջարկեցի «Փաշինյանի ու Ալիեւի գաղտնի բարաթի ծայրը երեւում է» վերնագիրը` նկատի ունեի հանրության շրջանում, քաղաքագիտական շրջանակներում արդեն տեւական ժամանակ եղած կասկածը, որ Սյունիքում հայկական զինված ուժերի նահանջը, Սյունիքի բնակավայրերի ու մայրուղիների ապահովությունը զրոյացնելն արվել էր համաձայնությունների, գրավոր պայմանավորվածությունների հիման վրա: Այն կոչել էի բարաթ, ու ակնարկել, որ մի օր այդ փաստաթուղթը ջրի երես դուրս կգա: Չէի պատկերացնի, որ կայքում հաղորդումս տեղադրվելուց հաշված ժամեր անց փաստաթղթի լուսանկարը սկսելու է շրջանառվել: Կարող էի պարզապես կրկնել երեկվա հաղորդումը. կառավարությունը, վարչապետը, փոխվարչապետը, պաշտպանության նախարարը ստում են: Ստում են պաշտոնապես, կնիքով, պետական հաստատությունների պաշտոնական դրոշմաթղթերի վրա իրենց գրություններով: Միայն մի բանն է զարմացնում: Այդքան անկարո՞ղ են պետական կառավարման, օրենսդրական գործում, որ չեն պատկերացնում` իրենց կատարած իրավախախտումների հետեւանքը, որի պատիժն էլ է շատ խիստ լինելու: Երեկ խորհրդարանի հարցուպատասխանից սկսյալ մինչեւ հուշագիր անունը ստացած այս փաստաթղթի հրապարակումը պարզվեց, որ չի եղել գեթ մեկ օր, որ մեր քաղաքացուն չստեն: Ստել են առաջին օրը, թե միայն երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է ստորագրվել, որի բնօրինակն ի դեպ, երկար ժամանակ չէինք տեսել: Եվ միայն Երկիր մեդիայի հարցումից հետո վարչապետի աշխատակազմը տեղադրեց դրա լուսապատճենը կայքում:

Ստել է Փաշինյանը, երբ ի լուր ողջ հայության հանրայինի եթերում հայտարարեց, թե ինչ-որ բանավոր հասկացողությունների հիման վրա են մեր զինված ուժերը ետ քաշվել հարավային բնագծերից` հարվածի տակ դնելով Սյունիքի բնակավայրերը: Այդ օրերից սկսյալ պարբերաբար հարց էր հնչեցվում, թե ի՞նչ ճշգրտումների հիման վրա են սահմանները տեղորոշվում: Չկար վերջնական, հստակ պատասխան: Տարբեր հավաքներում, Ազգային Ժողովում հարց էր հնչում` կա՞ այլ փաստաթուղթ, որի հիման վրա տեղի են ունենում սահմանային փոփոխությունները: Պատասխանը մեկն էր` ոչ: Փաշինյանն էլ խորհրդարանում հայտարարեց` միայն բանավոր պայմանավորվածություններ: Այլ հարց, որ մարդիկ ապշած հարց էին տալիս. ի՞նչ իրավական հիմքերով կարող է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, առանց անվտանգության խորհրդի հետ խորհրդակցելու, որոշումների, առանց խորհրդակցությունների սահմանային փոփոխություններ կատարելու շուրջ բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերի: Ապահովության համար, այդ օրերին նաեւ պաշտոնական գրավոր հարցումներ են եղել կառավարություն, թե կա՞ն այլ փաստաթղթեր երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը կից: Պատասխանը եղել է` ոչ: Ու երեկ հանկարծ Ավինյանն է անուղղակի ընդունում` այո կա, բայց մեկը, Սյունիքին առնչվող, այն էլ` պայմաանվորվածություն, բայց գաղտնի է, միայն փակ դռների ետեւում կարող են մի փոքր փակագծերը բացել: Բայց արդեն երեկոյան շրջանառության մեջ դրված փաստաթուղթը, որի իսկությունը ողջ օրը իշխանույթունը չի հաստատել կամ հերքել, գալիս է հերթական անգամ արձանագրելու. Հայաստանի Հանրապետության, այլեւս ոչ հպարտ քաղաքացին իշխանության է բերել մի ուժի, մի անձի, որը մի շարք գաղտնի որոշումներ է կայացրել անցնող երեք տարիներին:

Մեկ` որ իր նախարարները, հետո արդեն պատգամավորները, պաշտոնյաները ամեն ամիս պետք է խոշոր պարգեւավճար ստանան: Որոշումը, ստիպված հայտարարեցին, որ գաղտնի է եղել: Լրատվամիջոցների հետաքննությունների արդյունքում միայն բացահայտվեց: ՈՒ զայրույթը մեծ էր, թե ինչպե՞ս կարելի է միանգամից, գաղտնի որոշմամբ բյուջեն պարգեւավճարի տեսքով գրպանները լցնեն: Բայց հասարակությունը հանդուրժեց դա: Դե ասացին` կսովորեն, ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել: Եղել են բազում այլ գաղտնի որոշուներ, թե ո՞չ: Փաստերը վկայում են, որ եղել են: Դրանք էլ են ներվել, անտեսվել:

Սակայն, ավելի ուշ բացահայտվում է, որ 2020 թվականին պատերազմի ժամանակ կայացվեցին մի շարք գաղտնի որոշումներ, որոնք այլեւս երկրին էին վերաբերում` Արցախին ու Հայրենիքին: Պուտինի ակնարկած առանց Շուշի զինադադար կնքելու առաջարկի Փաշինյանի կողմից մերժելու գաղտնի, միանձնյա որոշումը: Հետո արդեն նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը ստորագրելու գաղտնի որոշումը, կրկին միանձնյա որոշումը Փաշինյանի կողմից: Հայրենազրկումը, Արցախի 70 տոկոսի հանձնումը, դրանից հետո իշխանական չքմեղանալը: Դրանից հետո իշխանության ու Փաշինյանի շրջանառության մեջ դրած հայտնի թեզը, թե փրկեցին 25 հազար զինվորի կյանք: Ու հիմա այլեւս պարզ է դառնում` հեռուստաէկրաններից, Ազգային Ժողովից նայելով ժողովրդի աչքերի մեջ` ուղղակի ստել է, ստել են, չեն ասել, որ էլի գաղտնի փաստաթուղթ են ստորագրել: Չեն ասել թե, նահանջել են Սյունիքում, դիրքերը հանձնել են արդեն զինադադարից հետո, ադրբեջանական նշանառության տակ են դրել քաղաքներ, գյուղեր, մայրուղիներ, Սյունաց աշխարհը: ՈՒ գաղտնի: Մինչ այդ պարբերաբար ստելով:

Իսկ հիմա հարց. գո՞հ են մարդիկ, որոնք Երեւանում ու Գյումրիում, Կապանում ու Մոսկվայում, Լոսում ու Փարիզում, դուխով գլխարկներով ողջունում էին մեկին, որը մեր ժողովրդի ճակատագրական հարցերի շուրջ գաղտնի պայմանավորվածություններ է ձեռք բերել, գաղտնի փաստաթղթեր է ստորագրել, ստորագրելուց հետո էլ ասել է, որ նման բան չկա: Ու հիմա այդ գաղտնի ստորագրությունների արդյունքում Սյունիքում ԱԱԾ հեռախոսահամարները գրպանումդ պետք է երթեւեկես, որ ադրբեջանցու հանդիպելիս, վտանգի դեպքում զանգահարես, որ գյուղերում, հարենակցիդ տան դիմացը ադրբեջանական դրոշ ծածանվի: Գո՞հ են մեր հայրենակիցները: ՈՒ հանդուրժելի՞ է այդքան սուտը, որով նրան կերակրել են: Սկսում ես զարմանալ, կոչեմ մարդկային միամտություն, համբերություն, անտարբերություն, ապաբարոյականացում, որի պայմաններում այս ամենը կարող է դեռ շարունակվել: Այլ բնորոշումները դուք կավելացնեք:

Բայց, անկեղծ ասած ամենացավալին այլ է, երբ սերունդները տասնամյակներ հետո ուղղակի անարգանքի սյունին գամեն 2020-ականների այս հանրային պահվածքը թաց ու չորն է խառնվելու իրար: Չեն ասելու 2020 թվականին, 2021-ին կային հազարավորները, որ չէին հանդուրժում այս անպատվությունը, ժողովրդին արժանապատվությունից զրկելը: Ընդվզում էին: Բայց մեծամասնություն չէր պայքարում: Մեզ պարտված ու պատվազրկված սերունդ են հիշելու: Հանուն սերունդների ու Հայոց երկրի ժամանակն է դուրս գալ այս թմբիրից, մարդիկ, հայրենակիցներ, արդեն ոչ հպարտ քաղաքացիներ: