կարևոր
1706 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-11 17:06

Զրպարտության համար` մինչև 10 միլիոն դրամի փոխհատուցում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ալեն Սիմոնյանի նախագիծը

Զրպարտության համար` մինչև 10 միլիոն դրամի փոխհատուցում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ալեն Սիմոնյանի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը և 72 կողմ, 30 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց առաջին ընթերցմամբ:

Փոփոխությունների համաձայն` վիրավորանքի համար սահմանվելու է մինչև 5 միլիոն դրամի փոխհատուցում`գործող մեկ միլիոնի փոխարեն, զրպարտության համար` մինչև 10 միլիոն դրամի փոխհատուցում` գործող 2 միլիոնի փոխարեն: Նախագիծը դեռ կքննարկվի երկրորդ ընթերցմամբ:

Այսօր Խորհրդարանի հերթական նիստում բուռն քննարկումներ տեղի ունեցան Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ:

Ալեն Սիմոնյանը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում:

Այդ հոդվածը սահմանում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

  • Հրապարակայնորեն ներողություն խնդրել:
  • Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը:
  • Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

  • Եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:
  • Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով Ալեն Սիմոնյանին, հետաքրքրվեց, թե վերջինս ազնիվ է, արդյոք, վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարի իր նպատակներում: Ալեն Սիմոնյանն արձագանքեց` միշտ է ազնիվ, ցանկության դեպքում էլ չի կարող ազնիվ չլինել, քանի որ գործընկերները թույլ չեն տա:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հիշեցրեց, որ մինչ 2010 թվականը վիրավորանքը և զրպարտությունը Հայաստանում քրեականացված են եղել, սակայն 2007 թվականին ԵԽԽՎ-ն համապատասխան բանաձև է ընդունել` ապաքրեականացնելով վիրավորանքը և զրպարտությունը և կոչ արել ԵԽԽՎ անդամ երկրներին նույն կերպ վարվել և այդ դեպքերի համար հրաժարվել ազատազրկումից:

Դանիելյանի խոսքով` ուսումնասիրելով ներպետական փորձը, հասկանալի է դառնում, որ չնայած մինչև երկու միլիոն դրամի սահմանաչափ կա, սակայն փոխհատուցումը եղել է հիսուն հազարից մինչև հարյուր հիսուն հազարի չափով, այսինքն՝ փոխհատուցման առավելագույն չափը չի կիրառվում:

«Հետևաբար, առաջարկում ենք ողջամիտ հարաբերակցություն ապահովվի սահմանադրական երկու արժեքների` խոսքի ազատության, ինչպես նաև պատվի ու արժանապատվության միջև»,-ասաց փոխնախարարը` ընդգծելով, որ առաջարկում են վիրավորանքի դեպքում ոչ ավելի, քան երկու միլիոն դրամի փոխհատուցում սահմանել, իսկ զրպարտության դեպքում` ոչ ավելի, քան երեք միլիոն դրամը:

Ալեն Սիմոնյանը, սակայն, րընդունեց Կառավարության առաջարկը։