կարևոր
1065 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-10 20:47

Ավինյանը հաստատեց` չհրապարակված պայմանավորվածություն կա, բայց խուսափեց կոնկրետ պատասխան տալ. կամ կառավարությունը ստել է, կամ դա հաստատվել է հունվարի 15-ից հետո

Ավինյանը հաստատեց` չհրապարակված պայմանավորվածություն կա, բայց խուսափեց կոնկրետ պատասխան տալ. կամ կառավարությունը ստել է, կամ դա հաստատվել է հունվարի 15-ից հետո

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց ուղղեց կառավարությանը՝ «արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը, բացառությամբ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի, ունե՞ն որևէ այլ ստորագրված փաստաթուղթ»:

Մինչ կառավարության՝ ի դեմս փոխվարչապետ Ավինյանի պատասխանը ներկաայցնելը՝ կարևոր մեկ փաստ.

Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը 2021թ.-ի հունվարի 11-ին դիմել էր ՀՀ վարչապետին՝ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝ արդյոք նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարությանը կից, դրա մաս կազմող կամ դրա պայմանների կատարումն ապահովող առանձին հավելվածներ կա՞ն:

Հունվարի 15-ին Կառավարության հասարակայնույթան հետ կապերի վարչությունից ստացվել է պատասխանը. «նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսատանի նախագահների համատեղ հայտարարությունից զատ որեւէ հավելված փաստաթուղթ գոյություն չունի եւ դրան կից չեն ստորագրվել այլ համաձայնագրեր»: Պատասխանի լուսապատճենը՝ այստեղ:

Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր, պատգամավորի հարցին ի պատասխան, ԱԺ ամբիոնից բառացիորեն ասաց հետևյալը.  «բացի այդ, հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ընդհանուր օգտագործման, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը, և դա՝ բացի Ձեր նշած երկու հայտարարություններից. միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի, մնացած բոլոր հարցերով, եթե ավելի դետալացված պատասխաններ եք ցանականում ստանալ, առաջարկում եմ դա անել հանձնաժողովների ֆորմատով կամ խմբակցության հետ հանդիպման ֆորմատով»: 

Չնայած Ավինյանը կրկին խուսանավեց ուղիղ պատասխանից, քանի որ հարցին՝ ստորագրված փաստաթուղթ կա, թե՞ ոչ, նա պարզապես նշեց մեկ այլ պայմանավորվածության մասին՝ առանց մանրամասնելու դրա գրավոր ստորագրվա՞ծ, թե՞ բանավոր ձեռքբերված լինելու փաստը: Հարցին ի պատասխան Ավինյանը նշեց, թե «պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալների մասին պետք է խոսենք այս ամբիոնից, չենք կարող, ցավոք սրտի, նմանատիպ հարցեր քննարկել: Կարող եմ ասել, որ սահամանապահ զորքերն են հսկում Սյունիքում սահամանները, բայց եկեք նմանատիպ քննարկումներն, այնուամենայնիվ, հանրայնորեն չանենք, և եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում և նման դետալների մասին է խոսքը, կարծում եմ, համապատասխան հանձնաժողովներում կարող եք անցկացնել հանդիպումներ, լսումներ, հրավիրել ՊՆ, ԱԱԾ, ԳՇ ներկայացուցիչներին, տեղեկանալ մանրամասներով և ըստ այդմ, արդեն հասկանալ, թե որ հատվածն է կարելի հանրայնորեն քննարկել»:

Փաստորեն, եթե հունվարի 15-ին կառավարությունը պատասխանում է, որ որևէ այլ փաստաթուղթ, հավելված, և նաև՝ պայմանավորվածություն չկա, ապա՝ ելնելով Ավինյանի այսօրվա պատասխանից, կարելի է եզրահանգել, որ կամ կառավարությունը ստել է, կամ այդ պայմանավորվածությունը հաստատվել է հունվարի 15-ից հետո, որը պահվել է գաղտնի, քանի որ մինչ այժմ որևէ տեղ այդ մասին պաշտոնական հրապարակում չկա: 

Նշենք, որ երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել էր, որ Սյունիքում իրեն ցույց են տվել ՀՀ և Ադրբեջաի միջև կնքված հուշագիր. 

Բարձրացանք այդ դիրքերը Կապան - Գեղանուշ - Ճակատեն - Շիկահող - Սրաշեն - Ծավ - Շվանիձոր (վերջին 2-ը գտնվում են Մեղրու տարածաշրջանում) ոչ վաղ անցյալում կառուցված ճանապարհով։ Իրոք ճանապարհը մի քանի տեղ, ըստ պաստառների, իբր թե մտնում է Ադրբեջանի տարածք։ Ասում են, որ մոտ 3-4 կմ այդ վիճակում է։ Այսինքն, այդ ճանապարհով ոչ կապանցիք կարող են գնալ նշված գյուղերը կամ Մեղրի, ոչ էլ սրանք կարող են գալ Կապան։ Այսինքն կարող են, եթե ադրբեջանցիք ճանապարհները չփակեն։ Եվ ահա ամենուր տեսնում եմ ռուսական պատրուլ։ Իա ռուներն այստեղ ի՞նչ են անում։ Իմ իմացածով այս ճանապարհը միշտ եղել է նախկի Հայկական ԽՍՀ տարածք։ Մենք այստեղ Ադրբեջանի հետ ի՞նչ գործ ունենք։ Ռուսական սպան համբերատար ինձ բացատրում է, որ քանզի երթևեկության անվտանգության խնդիր կա (հայերիս համար), իրենք, համաձայն «հուշագրի» կոչված են դա ապահովելու։ Ի՞նչ հուշագիր։ Սիրով ինձ է տրամադրում ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված մի հուշագիր՝ 6 կետից։

Նախաբանում գրված է. «Ի կատարումն 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված ... հայտարարության...

«Գորիս-Դավիթ Բեկ ու Կապան - Ճակատեն ճանապարհների անվտանգությունը ապահովելու պամար կողմերը պայմանավորվում են... Աստված իմ, այդ 6 կետերից ստորև թարգմանաբար ներկայացնում եմ հիմնականը՝ 2-րդը։

«Ավտոճանապարհի Գորիս - Դավիթ Բեկ տեղամասերում 39'26'34.577" հյուսիսային լայնության և 46'23'42.66" արևելյան երկայնության կետից մինչև 39'19'56.032" ու 46'28'03.157" կետը, ինչպես նաև Կապան-Ճակատեն տեղամասում 39'12'28" հյուսիսային լայնության ու 46'24'18" արևելյան երկայնության կետից մինչև 39'08'54.603 կետից մինչև 46'26'33.747" և 46'26'33.747" կետը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայկական կողմից և ԱՀ պետական սահմանապահ ծառայությունը ադրբեջական կողմից ... դնում են ուղեկալներ» ճանապարհից դուրս։

Հուշագրի 4-րդ կետով էլ նախատեսված է, որ ՌԴ սահմանապահ մարմինները ապահովում են երթևեկության անվտանգությունը ճանապարհի վրա»,- գրել է Հրանտ Բագրատյանը։