կարևոր
1133 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-10 19:36

Ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ, նախևառաջ, գործողություններով․ Արա Այվազյան

Ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ, նախևառաջ, գործողություններով․ Արա Այվազյան

Նոր իրողություն է մեր առջև, նոր մարտահրավերներ և հնարավորություններ կան, վիճակն, անշուշտ, շատ բարդ է, մեր հիմնական նպատակն է՝ անել ամեն ինչ, որ Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի. այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի դիտարկմանը, թե Սյունիքի շուրջ զարգացումներում, որո՞նք են մեր առջև ծառացած իրական անվտանգային խնդիրները:

«Բնականաբար, որպես պետություն, որպես հասարակություն, պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը և դիվանագիտության համար առաջնային խնդիր է անվտանգության ամրապնդումը, դրա մեջ մտնում է նաև Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը»,- նշեց Այվազյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած զինավարժություն մտահոգության առիթ է տալիս, մյուս կողմից տեսնում ենք Թուրքիայից եկող տարբեր ուղերձներ. «Ես կարծում եմ, որ ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ, նախևառաջ, գործողություններով: Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի։ Այլևս Հայաստանի նկատմամբ շրջափակում կիրառելու պատճառ չկա: Սահմանների փակումը պայմանավորված էր Արցախում ստատուս -քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի ուղղությամբ սահմանը փակ պահելու: Այս պահին, որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց մենք գործուն ջանքեր ենք ներդնելու, որ շրջապատի մթնոլորտը դառնա նպաստավոր Հայաստանի անվտանգության համար»: