250 դիտում, 2021.02.10 16:29

Գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությանը գնահատվեցին 2020-ի լավագույն ստեղծագործությունները

Գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությանը գնահատվեցին 2020-ի լավագույն ստեղծագործությունները

Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 10-ին, գրական տարբեր ժանրերում մրցանակների արժանացան  2020-ի լավագույն ստեղծագործությունները:

«Մրցանակակիրների գրքերն ամբողջ տարվա ընթացքում հաջողություններ են ունեցել, գնահատվել են: Մրցանակակիրների մեջ պատահական անուններ չկան»,- նշեց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու հավաստիացրեց, որ ընտրված ստեղծագործություններն իրապես արժանի են բարձր գնահատականի և հետագայում բազմաթիվ ընթերցողների կգրավեն:

Նա տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ինը մրցանակաբաշխություն են կազմակերպում: Չնայած համավարակին, 2020-ին ոչ մի մրցանակաբաշխություն բաց չեն թողել: Առաջիկայում անցկացնելու են «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» մրցանակաբաշխությունը, իսկ փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, միությունում տեղի կունենա բանակին նվիրված ստեղծագործությունների մրցանակաբաշխությունը:

Արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին արժանացավ Դավիթ Մկր Սարգսյանը՝ «Առաջնորդը. Ալֆան և օմեգան» գրքի համար:

Պոեզիա գրական ժանրում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը հանձնվեց

Հենրիկ Էդոյանին՝ «Էլեգիկ մտորումներ» գրքի համար:

Դրամատուրգիա ժանրում Լևոն Շանթի անվան մրցանակին արժանացավ Ռուզան Ասատրյանը՝ «Տիգրան Մեծ։ Արծիվների տիրակալը» գրքի համար:

Գրականագիտության, գրաքննադատության ոլորտում Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը տրվեց Սուրեն Աբրահամյանին՝ «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի համար:

Գրական վաստակի համար Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին արժանացավ Իրմա Սաֆրազբեկյանը՝ «Օլգա Թումանյան» գրքի համար (ներկայացրել է Լոռվա հայրենակցական միությունը):

Թարգմանական գրականության ոլորտում տրվող Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը հանձնվեց Աշոտ Ալեքսանյանին՝ Հ. Հեսսեի «Ներսը և դուրսը» գրքի համար:

ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան գրական մրցանակը հանձնվեց Խաչիկ Մանուկյանին՝ «Վերջին մեղրամիսը» գրքի համար:

Դավիթ Մկր Սարգսյանը մրցանակը ստանալուց հետո ասաց, որ այն իր համար պարտավորեցնող է: «Այս դժվարին ժամանակներում, երբ հատկապես գրավոր խոսքը լուրջ խութերի միջով պետք է անցնի, հաղթահարի և՛ արհեստածին, և՛ բնական դժվարություններ, ուրախ կլինեմ, որ գրողական խոսքը հասնի ընթերցողին, հասարակության մեջ հույս արթնացնի»,-նշեց գրողը:

Խոսելով «Առաջնորդը. Ալֆան և օմեգան»  վեպը մասին՝ Մկր Սարգսյանն ասաց, որ այն քաղաքական երգիծանքի բնույթ ունի: «Առաջնորդի կերպար եմ ստեղծել, որը, լինելով սատանա, փնտրում է սատանային: Պետք է փորձել անել ամեն բան, որ մեր գրականությունը  բարձրության վրա լինի, էժանագին չլինի, չթելադրի միայն օրվա հրամայականները, այլ խոսի ժողովրդի սրտից ու վերադարձնի այն ճշմարտությունները, որոնցից կտրվել ենք»,-շեշտեց գրողը:

Լրագրողների հետ զրույցում Սուրեն Աբրահամյանն էլ անդրադարձավ իր գրքին, և ասաց, որ  հայ պոեզիայի վերջին կեսդարյա շրջանը մեր գրականագիտության մեջ ամբողջապես ուսումնասիրված չէր, և իր հատորը նվիրված է հետսևակյան գրականության շրջանից մինչև արդի շրջանի ուսումնասիրությանը:

«Սևակը 50-60-ականների մեր գրականությունը հանեց ճգնաժամից՝ այն ձևավորելով իր սահմանած սիմֆոնիզմի՝ և՛ հանունի, և՛ ընդդեմի՝ այսինքն՝ ռեալիզմի նախահիմքերի տեսության վրա: Եվ ահա գրական նոր սերունդը խարսխված էր այդ տեսությանը, որը փորձում էր որոնել նորը,  հասկանալ, թե ինչ է բանաստեղծությունը, ինչ է գրականությունը: Հենց այդ ժամանակ ձևավորվում է բանաստեղծական ապոետիկ սկզբի և մետաֆիզիկական բառի որոնման գաղափարը: Ապոետիկ ուղղությունը սկզբնավորեց Հովհաննես Գրիգորյանը, իսկ Հենրիկ Էդոյանը՝ բառի մետաֆիզիկական որոնման գաղափարը, որն  80-ականներին զարգացավ Հակոբ Մովսեսի  պոեզիայում»,-ընդգծեց Աբրահամյանը:

ՀՀ գրողների միության սահմանած ամենամյա մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 1972 թվականին: Այդ ժամանակ գրողների միության նախագահը Էդուարդ Թոփչյանն էր: 1972-ին գրական տարբեր ժանրերում մրցանակների են արժանացել Հրանտ Թամրազյանը, Մուշեղ Գալշոյանը, Վազգեն Մնացականյանը և Հենրիկ Թումանյանը: