կարևոր
860 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-10 16:01

Արցախից տարհանվածներից խարդախությամբ փող են հափշտակել․ ոստիկանության բացահայտումը

Արցախից տարհանվածներից խարդախությամբ փող են հափշտակել․ ոստիկանության բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է Արցախից տարհանված անձանցից խարդախությամբ գումար հափշտակելու դեպք բացահայտելու մասին. հարուցված քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է:

«Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու տղամարդ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տարհանված և Հայաստանում գտնվող ԱՀ երեք քաղաքացու ներկայանալով որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական՝ փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով կեղծ վճարային փաստաթղթեր տրամադրելու և կեղծ սեփականության վկայականներ ներկայացնելու եղանակով, չարաշահելով նրանց վստահությունը, Արցախի քաղաքացիներից մեկից պահանջել են 6 միլոն դրամ ու ստացել՝ 3 միլիոն 800 հազար դրամ, մյուսից պահանջել ու ստացել են 3 միլիոն դրամ, իսկ երրորդից պահանջել են 4 միլիոն 475 հազար դրամ և 1000 դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արցախի քաղաքացին չի վստահել նրանց։ Դեպքերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Դիմում ենք Արցախից Հայաստան տարհանված մեր հայրենակիցներին՝ վստահեք բացառապես պատկան մարմիններին, իսկ այլ անձանցից նման առաջարկություններ ստանալու դեպքում անմիջապես դիմեք իրավապահներին»։