Այսօր ծննդյանս օրն է ու կցանկանայի շատ անձնական հարցով խոսել: Համալսարանական երկու պարսկահայ ընկեր ունեի՝ Ռոբերտն ու Արմիկը: Նա մի անգամ, 1987 թվականի վերջին օրերին, գիտենալով Շիրազի նկատմամբ ակնածանքս, Իրանում տպագրված Շիրազի ժողովածուն նվիրեց, որտեղ գտա «Ղարաբաղի ողբը» բանաստեղծությունը: Գիրքը ստանալու տեղն էլ հիշում եմ՝ ներկայիս Թեքեյան կենտրոնի շենքում մի փոքրիկ ուսանողական սրճարան կար: Մի քանի շաբաթ անց, 88-ի փետրվարի 9-ին, արդեն ծննդյանս օրը դասընկերներիս հետ հավաքին, ավանդույթի համաձայն պետք է Շիրազից մի նոր բան ասեի: Այդ անգամ Ղարաբաղն էր: «Ղարաբաղը մորս կանչն է, Ինձ է կանչում հույսով տրտում, Ղարաբաղը իմ կակաչն է` Կարմիր, բայց սեւ ունի սրտում»:
Շատերի համար անծանոթ թեմա. ի՞նչ միացում, ի՞նչ ղարաբաղյան հարց: Թեեւ արդեն այդ թեման սկսել էր եռալ: Սկսվեց զրույցը՝ չպատկերացնելով, որ մի քանի օր հետո արդեն 1988-ի փետրվար 20-ին Ազատության հրապարակը բերնեբերան լեցուն պիտի վանկարկեր «Ղարաբաղ», «Միացում»:
Ինչո՞ւ եմ հիշել այս պատմությունը: Այս շաբաթներին, Հայաստանի ամենահավասարակշիռ վաստակավոր խմբագիրներից մեկը, որն այդքան ակտիվ չէր սոցցանցերում, իր թերթում լրագրողական վարքականոնն ինչպես Սուրբ Գիրք էր պահպանում, դառնացած պարբերաբար գրառումներ է անում, շատ խիստ արտահայտվում իշխանությունների, Փաշինյանի հասցեին: Անգամ տարօրինակ կարող էր թվալ այդ փոփոխությունը, բայց նրան լավ ճանաչող գործընկերս կարճ բնութագրեց վիճակը: Ասաց՝ գիտե՞ս, շատերը չեն անդրադառնում, թե ինչ ենք կորցրել:
Իսկ մենք կորցրել ենք մեր կյանքի երեսուն տարիների ապրելու իմաստը, իմաստազրկվել է այն ամենն ինչ արել ենք, թեկուզ քաղաքական բարիկադների տարբեր կողմերում: Ու այսօր, երբ ծննդյանս օրն է, ինչպես բոլորը նվերներ են ստանում կամ սպասում, կուզեի այդ շատ շատերիս երեսուն կորսված տարիները կրկին ետ բերել:
Հիմա շատերը՝ խորհրդարանում նստած պատգամավորներ, բարձր պաշտոնյաներ, ուղղակի անհասկանալի թեթեւությամբ են տանում այն կորուստը, որ ունեցել ենք: Քանզի իրենց երիտասարդ տարիքի, աշխարհայացքի, դաստիարակության բերումով, չունեն այդ երեսուն տարիների հուշը, ապրումը, ցաված օրերը, ընկերներ, հարազատներ կորցնելու հետեւանքով թափած արցունքի կսկիծը, չունեն հպարտությունը, պայքարի իմաստավորումը, հանունի գիտակցումը, որով ապրում էր մեր սերունդը, որը, շաբաթներ շարունակ բանասիրականի 220, ներկայիս Չարենցի անվան լսարանում վիճում էր, քննարկում, ուղիներ փնտրում, երբ շաբաթներով Ազատության հրապարակի աստիճանների վրա համաուսանողական նստացույցի արդյունքում Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդն Արցախն իր կազմ ընդունելու մասին որոշման տեքստն էր ռադիոյով լսում ու հուզվում:
Չեն ապրել ոչինչ, չեն ապրել Գետաշեն ու Շահումյան կորցնելու, Թաթուլ Կրպեյանի, Սիմոն Աչիկգյոզյանի, Արթուր Կարապետյանի, Շահեն Մեղրյանի ուրիշների նահատակության բոթերը լսելու փլուզումը: Հետո, ամեն առավոտ երկյուղացությամբ, «Հայմամուլի» քարուքանդ կրպարկների դիմաց չեն բացել տպարանից նոր դուրս եկած, տպագրական հոտով այդ օրերի «Երկիր» օրաթերթն ու լուրերն ընթերցելով, չեն զգացել Արցախի տարածքում գյուղ առ գյուղ ազատագրելու մասին լուրերը, հերթական հերոսի նահատակության մասին գույժը: Համալսարանի միջանցքում ուշագնաց չեն եղել, երբ հաղորդել են եղբայր դարձած ընկերոջ՝ Վարդան Բախշյանի Հասանաբադում նահատակության լուրը: Մի քանի օրվա փնտրտուքից հետո միայն չեն իմացել, որ եղբայրն արդեն Արցախում է, ու մարտի դաշտից, հետո արդեն հարաբերական հանգիստ առաջնագծից, անհանգիստ ամեն օր, 29 տարի արդեն լուրի չեն սպասել, չեն փլվել, երբ ստացել են եղբոր վիրավորման մասին լուրը, բերկրանք չեն ապրել, երբ լսել են, որ ընտանիքի առաջին թոռնիկն է ծնվել Ստեփանակերտում, չեն հպարտացել, երբ 92-ին արդեն լսել են Քարինտակի հերոսամարտի մասին լուրը, ապա Խոջալուի, Ղարադաղլույի, այլ գյուղերի ազատագրումը: Հետո արդեն Շուշի. անհանգիստ ընկերներիդ համար, ընկերոջդ վիրավորման համար:
Չեն եղել այն սերունդը, որը Շուշիի ազատագրումից օրեր անց արդեն որոշում է կայացրել վերականգնել Շուշիի թեմական պատմական վարժարանը 72 տարի անց: Շինջոկատով այդ դպրոցի կառուցմանը չեն մասնակցել, հետո չեն հպարտացել, որ վարժարանում լիբանանահայ Զաքար Քեշիշյանի նախաձեռնությամբ գործեց ու մինչեւ հիմա էլ սերնդափոխությամբ գործում է «Վարանդա» երգչախումբը, որի անդամներից շատերն արդեն այս պատերազմի մասնակիցն էին:
Նոր իշխանականները պայքար, քաղաքական օրակարգ չեն ունեցել. ողջ կյանքը քաղաքական, մասնագիտական գործունեության ընթացքում իշխանությունների նկատմամբ դիրքորոշումներում անկյունաքարն ու կարմիր գիծը չեն դարձրել Արցախյան հարցի մոտեցման սահմանը: Արցախյան խնդրում, խոշորացույցով չեն հետեւել հայկական կամ միջազգային ցանկացած արձագանքի, հայտարարության, Արցախյան հարցով լուրջ վտանգի դեպքում հազարավորների հետ չեն իջել փողոց ու պայքար մղել: Ախր նրանք նոր, ի պաշտոնե են Եռաբլուրի տեղն իմացել, այն էլ սկսել հիմա արդեն գաղտագողի գնալ: Չեն եղել նրանցից, որոնց համար Եռաբլուրրը սկսվել է առաջին հուղարկավորումից 1990 մայիսից, ապա՝ հարյուրավոր ընկերների շիրիմներին այցի գնալով դարձած տունը: Նրանք ախր նահատակ ընկերների ծնողների, զավակների, հարյուրավոր մայրերի առաջ պատասխանատվություն չեն ունեցել:
Չեն ապրել զգացումը ազատագրված հայրենիքի, երբ առաջին անգամ Գորիսից երթեւեկել են Լաչինի քարուքանդ ճանապարհով դեպի Շուշի ու Ստեփանակերտ: Հետո, տարիներ անց գնահատել այն ահռելի գործը, որի արդյունքում ունեինք Արացախի հետ կապող երկու բարեկարգ մայրուղի: Նրանք այդ ամենին օտար են եղել: Դրա համար մինչեւ հիմա հպարտանում են միայն, որ Հայաստանում այդքան ճանապարհ են կառուցել՝ մոռանալով, որ տասնյակ կիլոմետրերով Քարվաճառի նորակառույցը տվել են թշնամուն, բերձորյան բարեկարգ ճանապարհով արդեն պետք է անցնել ռուս խաղաղապահների թույլտվությամբ՝ ամեն մետրում էլ ադրբեջանական շարասյուն տեսնելով:
Չունեն այս ամենի գիտակցումն ու զգացումը նրանք՝ նորօրյա պաշտոնյաները, ուսապարկ դարձած պատգամավորները. դրա համար էլ պատերազմը կինո էր նրանց համար, ոչ թե Հայրենիքի պաշտպանություն, դրա համար էլ եթե անգամ զինվորական հագուստով հայտնվում էին տեսախցիկների առաջ, դա Հայոց բանակային հանդերձանքը չէր. որսորդական խանութներից ձեռք բերված, պարտադիր չափազանց գլամուռ ֆորմա էր:
Կորստի գինը տարբեր է, կշեռքի նժարներին էլ տարբեր արժեքով է դրված: Մեկինը՝ ողջ գիտակից կյանքը, մյուսինը՝ իրենց կարծիքով Արցախյան բեռից ազատված պաշտոնավարման շարունակությունը: Դրա համար էլ՝ ուսապարկ պատգամավորը Շուշին կորցնելու համար առավել գունեղ համեմատության համար բացատրում է, որ գլուխը փրկելու համար՝ ձեռքը, այն է Շուշին կտրեցին, իր բառով ասած՝ ամպուտացիայի ենթարկեցին: Նման համեմատություն, քանի որ իր եւ իր շրջապատի պատգամավորների համար Շուշին լոկ ձեռք էր, կամ ոտք, բայց ոչ երբեք սիրտ, որն անհնար է հեռացնել:
Իսկ այսօր ծննդյանս օրը, 34 տարի անց կուզեմ ինքս ինձ նվեր անել, դարձ ի շրջանս յուր, կամ պայքարը շարունակելու կոչ: Կարդալ Շիրազի Ղարաբաղի ողբը: Մի տարբերությամբ միայն: Շիրազը դա գրելիս Արցախն ու Հայրենիք բաժանող համարել էր բոլշեւիկին՝ հայ կամ ռուս: Հիմա, արդեն «Հայաստանից քեզ պոկողը Հայաստանի եղբայրը չէ» ասելիս, բաժանողին Երեւանում ենք փնտրում, հայ, բայց արդեն նոր բոլշեւիկներ, կամ ավելի ճիշտ իրենց աշխարհի քաղաքացի համարողներ, որոնք հայրենազրկումը, հազարավորների կորուստները, ազգային արժանապատվությունը ստորադասում են թշնամու հետ իբրեւ թե խաղաղ ու պայծառ ապագայով համակեցությանը:
Ղարաբաղը մորս կանչն է,
Ինձ է կանչում հույսով տրտում,
Ղարաբաղը իմ կակաչն է`
Կարմիր,բայց սեւ ունի սրտում:
Դու ել դարձած կռվածաղիկ,
Իմ բալիկն ես այ Ղարաբաղ,
Մեղրդ օտար մեղվին տվող,
Իմ ծաղիկն ես, հայ Ղարաբաղ:
Հայաստանից քեզ պոկողը
Հայաստանի եղբայրը չէ,
Երկուսիս մեջ դու էլ մոլոր
Իմ բալիկն ես, վայ Ղարաբաղ:
Բայց, անկեղծ ասած, ավելի լավ է չշարունակեմ, յուրաքանչյուրդ առանձին թող կարդա, իբրեւ պայքարի ուխտ: Ու դիմում ուսուցիչներին՝ պարտադիր դարձրեք Շիրազի այս ստեղծագործությունը բոլոր աշակետներին ծանոթացնելը, որ հետագայում չունենանք ներկա իշխանության պես սերունդ, այլ Արցախին տեր հայ նոր երիտասարդություն: