կարևոր
1605 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-09 23:02

Հրդեհ՝ Մաշտոցի պողոտայում․ ծխահարված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Հրդեհ՝ Մաշտոցի պողոտայում․ ծխահարված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 9-ին, ժամը 15։40-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի (մոտ 60 քմ) հյուրասենյակում (մոտ 20 քմ)։

Փրկարարները բնակարանից ծխահարված վիճակում դուրս են բերել Ա․ Կ․-ին (մոտ 45 տարեկան) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ապա՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։01-ին, մարվել՝ 16։14-ին։ Այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով։