Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, և ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։ Լրատվամիջոցը գրում է նաև, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Ինչպես երեկ գրել էի՝ այս պահին ուղղակի անհնարին է զուտ պայմանագրային հիմունքներով ունենալ այնպիսի զորամիավորում, որը համեմատելի լիներ 26 տարի գործած ՊԲ-ի հետ։
Այնպես որ «ՊԲ» ցուցանակը կարող են պահել, կարող են նաև պահել «տիտղոսներն» ու պաշտոնների անունները, բայց տակը բանակ չի լինելու, լավագույն դեպքում ներքին կամ սահմանապահ զորքերի պես մի բան...
Հ.Գ. Ի դեպ, Ադրբեջանն ունի ըստ էության 3 (!) զորամիավորում, որոնցից յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն գործել. բուն բանակը, Նախիջևանի առանձին համազորային բանակը, Պետական սահմանապահ ծառայությունը։ Վերջինս չունի ՀՕՊ և լուրջ զրահատանկային ստորաբաժանումներ, բայց ունի ռազմածովային ուժերից սկսած, մինչև հարվածային անօդաչուներ ու հրետանի»։