կարևոր
948 դիտում, 3 ամիս առաջ - 2021-02-09 11:52

«Այբ» կրթական հիմնադրամը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Արայիկ Հարությունյանի հայտարարությունների ու գործողությունների վերաբերյալ

«Այբ» կրթական հիմնադրամը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունների ու գործողությունների վերաբերյալ։ 

Նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման, և դրա միջոցով պետությանը և հիմնադրամի շահառուներին հասցրած առավել մեծ չափի վնասների մեջ։ Հիմնադրամի որակմամբ՝ 2018-ի մայիսից իրենց դեմ փաստացի հետապնդում է իրականացվում։

Հաղորդման համար հիմք են եղել նախկին նախարարի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հրապարակային հայտարարություններն ու որոշ գործողություններ, որոնց պատճառով, ի թիվս պետությանը հասցված վնասների, կասեցվել է նաև պետության և մի շարք բարերարների համատեղ ներդրումով ու ջանքերով ստեղծված Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի շրջանակում ավագ դպրոցներում պետք է ներդրվեր «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։

Փետրվարի 1-ին մոտ 100-էջանոց հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Հիմնադրամի բնորոշմամբ՝ ՀՀ և Արցախի մի շարք դպրոցների սովորողներ դրա հետևանքով զրկվել են իրենց լեգիտիմ իրավունքից՝ այս ծրագրի միջոցով իրենց իսկ երկրում հայալեզու որակյալ անվճար կրթություն ստանալու, որը նրանց կապահովեր աշխարհի լավագույն բուհերի կողմից ճանաչվող դիպլոմով, որի օգնությամբ հայ երեխաները ոչ միայն կստանային որակյալ կրթություն, այլև առանց լրացուցիչ ջանքերի կարող էին սովորել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում։

«Տեղեկացնենք նաև, որ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ «Այբ» կրթական հիմնադրամի՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած երկու հայցադիմումները վարույթ են ընդունվել, դատական նիստերը նշանակվել է 2021 թվականի հունիսի 11-ին։ Այս հանգամանքի վերաբերյալ գրությունը նույնպես ուղարկվել է գլխավոր դատախազին։ Մենք ապահովելու ենք առավելագույն թափանցիկություն, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այս դատական գործընթացներից», - ասվում է հաղորդագրությունում։

Ավետիք Չալաբյանը նշում է, որ իր ընտանիքը ևս տուժողների թվում էր՝ թե որպես հիմնադրամի բարերար, և թե որպես նրա բարձրորակ կրթական ծառայություններից օգտվող շահառու։

«Շատերը հիշում են, թե ինչպես Արայիկ Հարությունյանը, պաշտոնը ստանձնելու տառացիորեն առաջին օրվանից, «խաչակրաց արշավանք» էր սկսել Այբ հիմնադրամի և նրա ղեկավարների դեմ։ Արդյունքում, թեև նրա ներկայացրած բոլոր մեղադրանքները մտածածին և անհիմն դուրս եկան բազմաթիվ ստուգումների արդյունքում, հիմնադրամի հեղինակությանը որոշակի վնաս հասվեց, իսկ նրա կողմից իրականացվող կարևորագույն կրթական ծրագրերը կասեցվեցին՝ փաստացի զրկելով հազարավոր երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից, և փոշիացնելով մինչ այդ հիմնադրամի բարերարների և պետության կողմից ներդրված մեծածավալ միջոցները, և բազմաթիվ նվիրյալ մասնագետների հսկայական աշխատանքը»,- Գրում է Չալաբյանը։