կարևոր
1700 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-08 21:33

Արա Այվազյանն ու Ֆիլիպ Ռիքերն ընդգծել են ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակներում

Արա Այվազյանն ու Ֆիլիպ Ռիքերն ընդգծել են ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակներում

Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ` առանձնահատուկ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարթակի դերը համագործակցային օրակարգն առաջ մղելու և խորացնելու գործում:

Զրույցի ընթացքում նախարար Արա Այվազյանը և Ֆիլիպ Ռիքերը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու գործնական ջանքերը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ, այդ թվում տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների անցկացման, բազմաոլորտ համագործակցության ընդլայնման միջոցով:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծման անթույլատրելիության վրա:

Երկուստեք ընդգծվել է ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչը հստակորեն ամրագրված է համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 3-ին արված հայտարարությամբ: Նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորել է այլատյացության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի բազմապատկումը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար, այդ թվում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնումը բացառելու միջոցով: