կարևոր
1362 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-08 09:45

Դա ուրիշի հաշվին PR անել է, բարոյական չէ․ Գորիսի փոխքաղաքապետը` Ավինյանի հայտարարության մասին

Դա ուրիշի հաշվին PR անել է, բարոյական չէ․ Գորիսի փոխքաղաքապետը` Ավինյանի հայտարարության մասին

Կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը եւ կապ չունի այդ ծրագրի հետ: Ինչպես հայտնում է NEWS.am-ը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հերքեում է Տիգրան Ավինյանի այն  գրառումը, որ իր պայմանավորվածության համաձայն արդեն մեկնարկել է Շուռնուխում առանձնատների կառուցումը:

«Նոյեմբեր ամսվանից են դեռ բարերարները եկել, գնացել, ասել` ինչ են ուզում կառուցեմ, իսկ Ավինյանի այցը դրա հետ կապ չունի ընդհանրապես, դա ուրիշի հաշվին PR անել է, ուրիշ բան չկա, կարող եմ ասել, որ դա բարոյական չէ: Բարերարների միջոցների շնորհիվ առանձնատներ կկառուցվեն, իսկ համայնքային միջոցներով բազմահարկ շենք կկառուցվի»,-ասել է փոխքաղաքապետը` նշելով, որ նախատեսում են հնարավորինս շուտ ավարտել շինարարությունը:

Հովսեփյանի խոսքով` բազմահարկ շենքում նպատակ ունեն վերաբնակեցնել Արցախում տները կորցրած քաղաքացիներին: «Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերը վերաբնակեցնենք, ավելի շատ բնակիչներ ունենանք, քանի որ մեր անվտանգության միակ երաշխիքն է»,-ասել է նա:

Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օրեր առաջ այցելել էր Սյունիքի մարզ, հանդիպել Շուռնուխի բնակիչների հետ եւ ֆեյսբուքյան գրառում կատարել. «Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք` բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»: