կարևոր
1540 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-07 18:56

Տարեվերջին կունենանք ոչ թե 8,9 մլրդ դոլար պետական պարտք, այլ` մոտ 10 մլրդ, կունենանք պարտքային ճգնաժամ

Տարեվերջին կունենանք ոչ թե 8,9 մլրդ դոլար պետական պարտք, այլ` մոտ 10 մլրդ, կունենանք պարտքային ճգնաժամ

Իշխանափոխությունից հետո՝ 2,5 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը աճել է շուրջ 1,84 մլրդ դոլարով։ Այսինքն, դոլարային արտահայտությամբ աճել է 16 տոկոսով, իսկ դրամային արտահայտությամբ 26 տոկոսով։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարարի հրապարակած տվյալներին, թե մինչև տարեվերջ մեր պետական պարտքը կհասնի 8,9 մլրդ դոլարի։

«Ինքնին այդ թվերը ոչինչ չեն ասում։ Հասկանալու համար մենք պետք է համեմատենք, թե ինչ չափով է մեր տնտեսությունը աճել, այսինքն, մենք որքան հավելյալ արժեք ենք ստեղծել և որքան է ավելացել մեր ստեղծած հավելյալ արժեքը՝ համեմատած արտաքին պարտքի, այստեղ ցուցանիշները, մեղմ ասած, մտահոգիչ են, որովհետև եթե 2019թ-ին այս ապաշնորհների իշխանության օրոք տնտեսության իներցիոն աճը դեռևս շարունակվեց՝ արդեն 2020 թ-ին ունեցանք էական անկում։ Հետևաբար, վատացել է նաև պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։ 2020 թ-ի ավարտին միայն արտաքին պարտքը ՀՆԱ-ի մոտավորապես 50 տոկոսն էր, 2020 թ-ի վերջին արտաքին պարտքը կազմում էր 6 մլրդ դոլար, իսկ ընդհանուր պետական պարտքը՝ 7,9 մլրդ դոլարը, ինչի ՀՆԱ-ի 66 տոկոսն է։ Այս թիվը աճեց հունվարին, որովհետև կառավարությունը 750 մլն դոլարի եվրոբոնդ թողարկեց»։

Նա ընդգծեց, որ եվրոբոնդի թողարկումը նախատեսված էր նաև պետական բյուջեով, դրա եվրոբոնդի թողարկմամբ արտաքին պարտքը հասավ 6 մլրդ 750 մլն դոլարի, իսկ պետական ընդհանուր պարտքը՝ 8,7 մլրդ դոլարի։ «Եթե համեմատելու լինենք 2020 թ-ի ՀՆԱ-ի հետ՝ մենք ունենում ենք արդեն 60 տոկոսին մոտ ցուցանիշ՝ միայն արտաքին պարտքի մասով, իսկ սա արդեն նշանակում է, որ մենք պարտքային ճգնաժամի սահմանին ենք, որքան էլ օրվա իշխանությունները տարբեր մանիպուլիացիանորով ներկայացնեն իրավիճակը փաստն այն է, որ իրենց ձախողումների հետևանքով պետական բյուջեի եկամուտները կրճատվել են, սոցիալական ծախսերն ավելացել, իշխանությունները չեն կարողանում ընթացիկ ծախսերը հոգալ, թոշակ, աշխատավարձ, նպաստ վճարել և ինտենսիվորեն ավելացնում են երկրի պետական պարտքը՝ շարունակել մեզ զրկել հետագա զարգացման հնարավորությունից։ Գնալով մեր երկրի պարտքը առաջանցիկ ավելանում է։

Այն ինչ կառավարությունը նախատեսել է 2021 թ-ի բյուջեով՝ բարձր ցուցանիշ է, ըստ այդմ՝ պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 66 տոկոսին, բայց արդեն ակնհայտ է, որ այս տեմպերով շարունակելու պարագայում մենք ունենալու ենք էապես վատ ցուցանիշ, այսինքն՝ պետական պարտքը կլինի ոչ թե 8,9 մլրդ դոլար, այլ կմոտենա մինչև 10 մլրդ-ի շեմին, իսկ ՀՆԱ-ն ոչ թե կաճի 3 տոկոսով, ինչպես իրենք են ծրագրել, այլ կնվազի։ Հետևաբար, ոչ թե կունենաքն 66 տոկոս հարաբերակցություն, ինչն ինքնին խնդրահարույց է կառավարման տեսանկյունից, այլև շատ ավելի վատ վիճակ, այն է՝ պարտքային ճգնաժամ, այն պարզ պատճառով, որ գործող իշխանությունները չեն կարողանում լուծել հանրային կյանքի ոլորտում խորացող որևէ խնդիր, հակառակը իրենց պոպուլիսատական և կեղծ օրակարգերով ավելի խորացնում են խնդիրները և երկրի տանում են դեպի հումանիտար աղետ»։