կարևոր
1180 դիտում, 3 ամիս առաջ --> 2021-02-07 18:45

Ռուս խաղաղապահներն են մուտքի վերջնական թույլտվություն տրամադրում Արցախ մեկնող օտարերկրացիներին. hetq.am

Վերջին օրերին օտարերկրացիների մուտքն Արցախ արգելվում է։ «Հետք»-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է ստացել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի հետ։ 

«Վերջին օրերին օտարերկրացիների մուտքն Արցախ արգելվում է։ «Հետք»–ի նկարահանող խմբի հետ փետրվարի 4-ին Արցախ մեկնող օտարերկրյա լրագրողը, որը ազգությամբ հայ էր, չկարողացավ մուտք գործել Արցախի Հանրապետություն։ Ռուս խաղաղապահների առաջին անցակետից նա հարկարդրված վերադարձավ այն դեպքում, երբ Արցախի ԱԳՆ-ն նրան նախապես մուտքի թույլտվություն էր տրամադրել։ Հաջորդ օրը նա կրկին չկարողացավ անցնել խաղաղապահների անցակետը և ստիպված վերադարձավ Երևան։ Օտարերկրացուն խաղաղապահները պարզաբանեցին, որ իրենք չունեն տվյալ քաղաքացու անունը պարունակող ցուցակ, որը հաստատված լինի խաղաղապահ առաքելության ղեկավարի կողմից։ Մինչ անցակետում փորձում էինք Արցախի ԱԳՆ–ից պարզաբանումներ ստանալ, մեկ այլ օտարերկրացի լրագրող եկավ անցակետ և նույն իրավիճակում հայտնվեց։ 

–Պարոն Բեգլարյան, պատերազմից հետո օտարերկրացիների համար վիզային ռեժի՞մ է Արցախում։

–Վիզային ռեժիմ միշտ եղել է, բայց պատերազմից հետո որոշ չափով խնդիրներ են փոխվել, առաջացել ու ավելի խստացվել է վիզային ռեժիմը։ Այս պահին բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար, խոսքը չի վերաբերում ՀՀ քաղաքացիներին, օտարերկրացի քաղաքացիների համար վիզա ստանալու պահանջն առկա է ու ցանկալի է Երևանում վիզան նախօրոք ստանան։ Մեր արտաքին գործերի նախարարության և ռուս խաղաղապահների համապատասխան ստորաբաժանումների միջև արդեն համապատասխան մեխանիզմը ներդրվել է, որպեսզի տվյալների փոխանակում լինի։ Ռուս խաղաղապահներն էլ, մեր անվտանգության աշխատակիցներն էլ անցակետերում նախօրոք տեղյակ լինեն, թե ովքեր են այցելում և ով վիզա ունի, ով չունի։

–Մի փոքր ավելի պարզեցնենք։ Օտարերկրացին դիմում է ՀՀ–ում Արցախի ներկայացուցչություն, ստանում է վիզան, հետո Արցախի ներկայացուցչությունն այդ տվյալը փոխանցում է ռուսական կողմին, ռուսական կողմը նայում և հաստատում է ցուցակը կամ չի հաստատում։ Այդպե՞ս է։ 

–Մի փոքր տարբերություն կա։ Արցախի ներկայացուցչությունը տվյալները փոխանցում է արտաքին գործերի նախարարությանը՝ այստեղ, Ստեփանակերտ։ ԱԳՆ–ն ցուցակը փոխանցում է ռուս խաղաղապահներին, ռուս խաղաղապահները հաստատելու կամ չհաստատելու գործառույթ այստեղ չունեն, այլ իրենք տեղյակ են լինում, թե ով է այցելում։ Առ այսօր, եթե ցուցակը փոխանցված է, հաստատելու խնդիր չի առաջացել։ Այսինքն, որևէ խնդիր չի եղել, որ ռուս խաղաղապահները ցուցակով ներկայացված անձանց ասեն՝ ա'յ, այս անձի հետ մենք խնդիր ենք տեսնում։

–Տեսականորեն չի բացառվում, որ այդ հարցը տան։

–Իհարկե, չի բացառվում։ Այստեղ, բնականաբար, մեր համագործակցության շրջանակներում, ըստ մեր պայմանավորվածության, չպետք է, որ խնդիր լինի։ 

–Վերջին հինգ օրերի ընթացքում միայն երկու դեպքի մասին մենք գիտենք։ Ի՞նչ պատճառով այդ օտարերկրացիները չեն կարողացել մուտք գործել Արցախ։

–Այդ դեպքերի և մի քանի այլ դեպքերի պատճառները եղել են ցուցակները չունենալը։ Այսինքն, ռուս խաղաղապահներին այդ անունները ներկայացված չեն եղել, քանի որ համակարգը, մեխանիզմը նոր էր ներդրվում, և կոմունիկացիայի խնդիր էր եղել ռուս խաղաղապահների և մեր ԱԳՆ–ի միջև։ Հիմա, կարծես թե, ԱԳՆ-ից հավաստիացնում են, որ իրենց միջև մեխանիզմն արդեն նորմալ աշխատում է։

–Որպեսզի այդօրինակ խնդիրներ չլինեն, պետք է նախապես՝ 10-15 оր առաջ դիմե՞ն վիզա ստանալու համար, որպեսզի չգա հասնի վերջին պահին հաստատման։

–Ըստ պայմանավորվածության և ըստ ԱԳՆ–ի ներկայացման՝ իրականում նույնիսկ երկու-երեք օրը կարող է բավարարել, բայց նախընտրելի է, որ ավելի շուտ դիմեն վիզայի համար, որպեսզի ԱԳՆ–ն հասցնի ընթացակարգերը։ Վիզայի պատասխանը տա, հետո նոր ցուցակը ներկայացնի անվտանգության աշխատակիցներին՝ և' հայ և' ռուս»։