կարևոր
2283 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-07 13:41

Բոլորի ազգային կամքն ու նվիրվածությունն է ընկել էս դավաճանների ծուղակը, այդ թվում՝ տողերի հեղինակի. Հովհաննես Իշխանյան

Գրող Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«44 օրվա ստի օրերին 30-200 տարվա ազգային կամքն էր ուղղված ստի սնուցմանը։

Միայն հաղթանակի մասին սուտը չէր կառավարվում, ազգային ոգին էին կառավարում, երկրի հանդեպ մարդու նվիրական զգացումներն էին կառավարում, որ վերջում քանդվի, որ իրականացվեն բութ նպատակները։

Հազարավոր մարդկանց վստահեցրել էին, որ սոցիալական ցանցերի մեդիա կռիվները ազգային պարտքի իրագործում է, երբ ամեն անհատ պարտքի իրագործման զգացում ուներ։

Իսկ եթե ազգային կամքն իսկապես ուղղված լիներ հաղթանակին։ Այդ դեպքում պարտության պարագայում, այն էլ այսպիսի պարտության, սրանք մի վայրկյան ավել չէին մնա իրենց տեղում ու կյանքում։ Եթե ուղղված լինեին իրական պատերազմին, հարավը կոտրելուց հետո բոլորը կպահանջեին ու կհասնեին սրանց հրաժարականին, ոչ թե պահանջողների վրա ԱԱԾ կկանչեին։

Վերջում ի՞նչ մնաց։ Ամոթի զգացում, որ ազգային ոգով պայքարել են հանուն ստի։ Ազգային պայքարի հանդեպ շինծուության զգացում, ու, ընդհանրապես, պայքարի նկատմամբ անիմաստության զգացում։

Այս զգացումները պարտադրված են դավաճանների կողմից, և չեն հաղթահարվում, որ մարդը կարողանա գնահատի իրավիճակը, զգա այսօրվա պայքարի կարևորությունը։ Նորից չսխալվելու զգացմանն ավելի կարևորություն է տրվում, քան սրանց դատաստանը պահանջելու անհրաժեշտությունը, նախապատերազմյան զգացումների դրսևորումը։

Ես գիտեմ, որ այս գրառման մեջ շատերն իրենց կտեսնեն։

Բոլորի ազգային կամքն ու նվիրվածությունն է ընկել էս դավաճանների ծուղակը, այդ թվում՝ տողերի հեղինակի։

Բայց կոչն է, որ սրանց ստի պատճառով թևաթափ չլինել, այլ ազգային կամքը ստերով կոտրողների դեմն առնել։ Չթողնել, որ սրանք հասնեն իրենց նպատակին ու հարյուրավոր տարիների սնուցվող ազգային արժանապատվության, ճշմարտության կամքը ընդամենը 44 օրում կոտրեն։

Դա է ենթադրում նաև ազգային նվիրվածությամբ նահատակվածների, նրանց նպատակներն իրականացնելու հանդեպ հարգանքը։ Նրանց նպատակներին ձգտելն ու հասնելն է էականը, իսկ կրկին չսխալվելու անձնային զգացումը պարտադրված է այս դավաճանների կողմից, ինչպես պարտադրված էր սրանց հրաժարականը պահանջողների դեմ պայքարելը։