կարևոր
1239 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-05 23:30

Վահան Բադասյանի կալանքը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայցվել

Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը անձնական երաշխավորություններ են ներկայացրել ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Պաշտպանը նաև հրապարակել է Վահան Բադասյանի հայտարարությունը, որում Բադասյանը  գրել է, որ ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունի, այսօրվա իշխանությունը ազատությունից զրկելով՝ իրեն ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների: «Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»,- գրել է Բադասյանը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին, բավարարել է՝ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Պաշտպանն առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։