կարևոր
1567 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-05 22:58

Պետական ինստիտուտների կազմաքանդման գործընթաց է սկսվել. Արթուր Մոսիյան

Փետրվարի 4-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական նիստին Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը.

«Ես հույս ունեի, որ այս աղետալի պատերազմից հետո մարդկանց մտածելակերպում ինչ-որ փոփոխություն կկատարվի, ցավոք, ես դա չեմ տեսնում: Տարբեր հարցերի քննարկումների ժամանակ պատգամավոր ընկերներն ասում են, որ դրանք փոքր հարցեր են, փոքր հարց չի լինում, այն էլ Ազգային Ժողովում քննարկվող, սահմանադրական մարմին հանդիսացող Հաշվեքննիչ պալատի դեպքում:

Իշխանության գալով պարոն Հարությունյանի կողմից նկատում ենք պետական ինստիտուտների կազմաքանդման գործընթաց: Դա վերաբերում է և դատախազությունը, և Հաշվեքննիչ պալատին, և մնացած մարմիններին, որը դժբախտաբար շարունակվում է: Նախկինում ես աշխատել եմ որպես Վերահսկիչ պալատի նախագահ և 100 միլիոնավոր դրամներ վերադարձվել են պետական բյուջե: Ճիշտ է, շոուներ չեն կազմակերպվել, բայց փաստն ակնհայտ է:

Հաշվեքննիչ պալատն անկախ մարմին էր, կազմված տարբեր խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուներից: Հիմա արդեն Հաշվեքննիչ պալատի 5 անդամներից 4-րդ անդամն է առաջարկվում, 3-ը «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն է առաջադրում: Խնդիրը մեկն է՝ գործընթաց է սկսվել՝ օրենքով սահմանված անկախ մարմինը ևս վերածել կառավարության կցորդի: Ուժերի այս հարաբերակցության դեպքում ԱԺ-ն կզրկվի կողմնակի կարծիք ունենալու իրավունքից:

Իշխանությունների ապաշնորհ, ապիկար քաղաքականության արդյունքում ունեցանք 1000-ավոր զոհեր, 10-յակ հազարավոր վիրավորներ, հայրենիքի կորուստ, 35000 տեղահանված, գերիներ: Բայց մտածելակերպում ոչ մի բան չի փոխվել: Ամբիոնից հայտարարվում է՝ մենք մեծամասնություն ենք, կրում ենք պատասխանավություն: Իհարկե, կրելու եք պատասխանատվություն, թող ոչ մեկը չկասկածի: Բայց այլ ելույթների ժամանակ ասում են՝ մենք բոլորս ենք դավաճան, մենք բոլորս ենք մեղավոր: Ամեն մի արտահայտություն իր հետևանքն է ունենում:

Հաշվեքննիչ պալատը, դատախազությունը անկախ մարմիններ են և գործառութային իմաստով կոչված են նաև վերահսկելու կարգը, կանոնը, օրինականությունը: Նույնը նաև դատախազության պարագայում: 6 ամիս առաջ մենք գլխավոր դատախազ ենք ընտրել, ես այս ամբիոնից հայտարարել եմ, որ այդ մարդն ի վիճակի է աշխատելու, եթե արտաքին ազդեցություն չլինի: Դժբախտաբար, եղավ այդ ազդեցությունը: Պատերազից հետո փոքր դատախազությունում 5 գեներալի կոչում է շնորհել նախագահը, որոնցից 4-ը այսօր համակարգում չեն: Այս է վերաբերմունքը:

Պարոն Թովմասյան, որպես հանրապետության երկրորդ պաշտոնյա, տեղյա՞կ եք, թե որտեղ է նստում Հաշվեքննիչ պալատը, ո՞նց է պետնախարարի բանավոր հանձնարարությամբ այդ պալատը կառավարության շենքի երկու կաբինետում տեղակայվել: Իսկ իրենց բալանսում գտնվող պալատի շենքը տրված մասնավոր ընկերության: Այս է պետական վերաբերունքը Հաշվեքննիչ պալատի նկատմամբ, որովհետև այս պալատը կոչված է հսկողություն իրականացնելու կառավարության գործունեության վրա: Հիմա կառավարության անդամներին, ֆինանսների նախկին նախարարին տանում եք պալատ, որ ի՞նչ: Եթե փորացավ, թաքցնելու բան չունեք, այս վերաբերմունքը չպիտի լինի:

2020թ. Հաշվեքննիչ պալատի կողմից բացահայտվել է մոտ 200 մլն դրամի գործ՝ յուրացման կամ փողերի լվացման հատկանիշներով, գործը մի տարուց ավելի է գտնվում է դատախազությունում: Կան այդպիսի 100-ավոր միլիոնների գորրծեր: Սա է պատճառը:

Դիմում եմ գործընկերներիս՝ ամենայն լրջությամբ վերաբերվել քվեարկությանը: Ամեն քվեարկություն պատասխանատվություն է, Ձեր վրա մի վերցրեք ուրիշների արածի պատասխանատվությունը: Սահմանադրական մարմնի նախագահի թեկնածություն է ներկայացվում օրենքի բացահայտ կոպիտ խախտումներով»: