կարևոր
1385 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-05 00:06

ՏՄՊ օրենքի նախագիծը գործարարները որակում են հակամրցակցային, հակատնտեսական, հակաիրավական, անտրամաբանական, հականերդրումային

ՏՄՊ օրենքի նախագիծը գործարարները որակում են հակամրցակցային, հակատնտեսական, հակաիրավական, անտրամաբանական, հականերդրումային

«Մեզ թվում է ներկայացված օրենքը ՊԵԿ-ին ատրճանակներ բաժանելու տրամաբանության մեջ է։ Կառավարությունը հավանաբար որոշել է, որ տնտեսական հեղափոխության չկայանալու մեղավորները գործարարներն են և այժմ անխնա պատժելու է նրանց»,- այսպես են արձագանքում գործարարները Հայաստանի Տնտեսական մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի կողմից մշակված և արդեն Կառավարության հավանությանն արժանացած Տնտեսական մրցակցության պաշտպանության նոր օրենքի նախագծի մասին։ 

«ՏՄՊ օրենքի նախագիծը ենթադրաբար քննարկման է դրվել աշնանը, սակայն գործնականում չի քննարկվել, որովհետև որևէ մեկը ի վիճակի չէր պատերազմի և հետպատերազմական զարգացումների ժամանակ կենտրոնանալ նման խնդրի վրա և մասնակցել քննարկմանը։ Մենք այդ մասին իմացանք, երբ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց նախագիծը։ Նախագիծը քննարկվող 12 հարցերից 11-րդն էր և ընդունվեց գործնականում առանց քննարկման՝ որպես հերթական հարց, որին պետք էր հավանություն տալ։ Այնուհետև նախագիծը, նույն ոճով, առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում։ Որոշ բողոքներից հետո ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը փետրվարի 1-ին օրենքի քննարկում կազմակերպեց, որտեղ խիստ քննադատություններ հնչեցին, մասնավորապես պատշաճ քննարկումներ չկազմակերպելու համար։ Հաջորդ օրը, փետրվարի 2-ին, ՏՄՊՊՀ-ն օրենքի նախագիծը ուղարկեց Հայաստանի բազմաթիվ կազմակերպությունների, խնդրելով 113 էջանոց նախագծի մասին կարծիք տալ մինչև փետրվարի 5-ը։ Այնպես որ Ազգային Ժողովում, երկրորդ ընթերցման ժամանակ, մենք հավանաբար կլսենք, որ օրենքն ամենալայն քննարկումներ է անցել։

Մինչդեռ այս օրենքը ցանկացած երկրի տնտեսական քաղաքականության ամենակարևոր օրենքն է։ Մենք գործի բերումով առնչվել ենք Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության իրողությանը, բավական լավ գիտենք ինչպես գործող օրենքը, այնպես էլ ներկայացված նախագիծը։

ՏՄՊ օրենքի նախագիծը համարում ենք հակամրցակցային, հակատնտեսական, հակաիրավական, անտրամաբանական, հականերդրումային։ Այն ուղղակի վնասակար է մեր տնտեսությանը։

Օրենքի հիմքում դրված է երկու կոնցեպտուալ սխալ մոտեցում, որոնց հիման վրա էլ ձևավորվել է ամբողջ օրենքը։

Առաջինը՝ Տնտեսական մրցակցության պաշտպանությունը ենթադրում է, որ երկրում շուկայական, ազատ մրցակցային տնտեսական համակարգ է, ինչը և ամրագրված է մեր սահմանադրությունում։ Ազատ մրցակցությունը ապահովում է, որ լավ աշխատողը ավելի մեծ շահույթ ստանա։ Շահույթը նորարարությունների և զարգացման խթան է։ Ամբողջ աշխարհում որևէ ոլորտի ամենաշահութաբեր կազմակերպություններն օրինակ են հանդիսանում բոլորի համար։ Մինչդեռ մեր օրենքը սահմանում է, որ շատ թե քիչ հաջողակ կազմակերպությունները պետք է հիմնավորեն իրենց արտադրանքի գինը և թե ինչքան շահույթ կարող են նրանք ստանալ, այլապես կհետևեն պատիժներ։ Սա սովետական տնտեսական մոդելի մոտեցումն է, ոչ թե ազատ մրցակցային մոդելի։

Կարևոր է նշել, որ արտադրանքի գինը և շահույթը կարգավորելու այս մոտեցումը կա միայն Ռուսաստանի, Ղազախստանի և Հայաստանի օրենքներում։

Երկրորդը՝ Օրենքը մրցակցությունը խրախուսելու և խախտումները կանխարգելելու համար պետք է լինի, այլ ոչ բիզնեսին պատժելու։ Սակայն ՏՄՊՊՀ նախագահի խոսքերով, իրենց գործը կանխարգելելը չէ, «այլ միայն ու միայն պատժելը՝ շատ չոր, շատ ցավոտ, շատ դաժան պատժելը»։ Այս տրամաբանությամբ էլ գրված է ամբողջ օրենքը։ 

Այսպիսով՝ Ազատ մրցակցությունը պաշտպանելու և խախտումները կանխարգելելու մոտեցման փոխարեն ՏՄՊՊՀ-ն ընտրել է մրցակցությունը սովետական մեթոդներով կաշկանդելու և դաժանագույն պատժելու մոտեցումը։

Անիմաստ է փորձել այս մոտեցումներով գրված 113 էջանոց օրենքը լուրջ վերլուծության ենթարկել։ Ուղղակի թվարկենք մի քանի առավել անընդունելի հոդվածներ։

Գերիշխող դիրք – գնի հիմնավորում

Օրենքը սահմանում է, որ կան մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ։ Այդ կազմակերպությունները չեն կարող իրենց արտադրանքի գինը դնել իրենց ցանկությամբ, այլ գինը պետք է հիմնավորեն տվյալ արտադրանքի ինքնարժեքով։ Նրանք նաև պարբերաբար ՏՄՊՊՀ պետք է ներկայացնեն պահանջված տեղեկատվությունը։ Սա սովետական համակարգի Գների Պետական Կոմիտեի դերն է։ Կազմակերպության տնօրինությունը այս արգելքը հեշտությամբ կարող է շրջանցել։ Նա պարզապես շահույթին և ներդրումներին ուղղվող գումարն էլ աշխատավարձի ձևով կստանա։ Այսպիսով՝ կմեծանա ինքնարժեքը, կհիմնավորվեն ամենաանհավանական գները, բայց նաև կզրոյանա շահույթը, որը պետք է ուղղվեր ներդրումներին։ Վերջերս Ազգային Ժողովում հանքարդյունաբերության վիճակի քննարկումների ժամանակ ասվեց, որ մետաղարդյունահանող 30 ընկերություններ տարիներ շարունակ աշխատում են զրո շահույթով։ Եթե գինը հիմնավորելու և շահույթը պատժելու դրույթները մնան, Հայաստանում ներդրումներ կանեն միայն հանքարդյունահանողները՝ գան, թալանեն, գնան։

Թող որևէ մեկը չմտածի, որ ինքը փոքր է և գերիշխողի կամ մենաշնորհի սահմանման տակ չի ընկնի։ ՏՄՊՊՀ-ն վերջերս մի արտառոց որոշում կայացրեց, ըստ որի պայմանագրով իրար հետ աշխատող երկու կազմակերպություններից մեկը, այդ պայմանագրի սահմաններում, ունի մենաշնորհ դիրք, (այսինքն սահմանեց շուկա բաղկացած մեկ անձից) և տուգանեց քսան միլիոն դրամ։ 

Սահմանվում է տուգանք կազմակերպության ամբողջ հասույթի մինչև 10%-ի չափով, անկախ նրանից, թե ինչքան է խախտումը։ Օրինակ՝ 10 մլրդ հասույթ ունեցող կազմակերպությանը կարող են տուգանել 1 մլրդ, թեև «խախտումը» ընդամենը 2 միլիոն է։

Օրենքի 90, 101 հոդվածները սահմանում են, որ կարելի է արգելանք դնել կազմակերպության գույքի և հաշիվների վրա, ինչպես նաև ստիպել կազմակերպությանը անել գործողություններ, որոնց նա համաձայն չէ, առանց դատարանի որոշման, և Հարկադիր Կատարողը պարտավոր է դա ապահովել։ Հանձնաժողովի նախագահը դա հիմնավորում է այսպես, որ մի հիպոթետիկ հանցագործ կարող է ծանրաբեռնված դատարանների պատճառով, տարիներով խուսափել տուգանքը վճարելուց։ Այսինքն, դատական բարեփոխումները չեն ստացվում, դատարանի լիազորությունը վերցնում է ՏՄՊՊՀ-ն։

Քրեական: Հոդված 195

Նախագծով սահմանվում է փոփոխություն քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածում։ Եթե հոդվածից, թվարկված արարքներից և պատիժներից, առանձնացնենք նրանք, որոնք վերաբերվում են շահույթին, կստանանք հետևյալը՝

Հոդված 195

1. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը (շահույթ ստանալը), որի արդյունքում ապրանքային շուկայի մասնակիցը ստացել է խոշոր չափով շահույթ (մեկից հինգ միլիոն դրամ)՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2․ Նույն արարքները, որոնք կատարվել են՝

5) առանձնապես խոշոր չափով շահույթ ստանալով (հինգ միլիոն և ավել դրամ)՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Այսինքն՝ շահույթով աշխատելու համար կարելի է ազատազրկվել ութ տարի և զրկվել տուն ու տեղից։ Համոզվելու համար, որ մեջբերման ժամանակ իմաստի աղավաղում չկա, նայեք օրենքի նախագիծը։

Պետական օժանդակություն։ Օրենքն արգելում է պետական որևէ օժանդակություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով։ Ըստ երևույթին ինչ որ կանոնակարգում գրված է, որ կառավարությունը կարող է ամեն միջոցներով խրախուսել տնտեսվարողներին։ Կառավարությունն էլ տնտեսական հարցերում իր հիմնական գործը դարձրել է արտոնություններ բաժանելը, ինչը մենք անընդհատ տեսնում ենք կառավարության նիստերի հեռարձակման ժամանակ։ Միայն Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում 700-ից ավելի կազմակերպություններ ազատված են հարկերից, ինչով կոպտորեն ոտնահարվում է մյուսների մրցակցային իրավունքները։ ՏՄՊՊՀ-ի կարծիքով, դա ճիշտ է։

Ստվեր։ Մեր այն դիտողությանը, որ ստվերը լուրջ խախտում է օրինական դաշտում աշխատողների մրցակցային իրավունքները, ՏՄՊՊՀ-ն պատասխանեց՝ բա մենք ի՞նչ անենք, դա մեր ի՞նչ գործն է, թող ՊԵԿ-ը զբաղվի։ Բայց մրցակցության պաշտպանությամբ դուք եք զբաղվում։ Եթե կարելի է տուգանելու համար ներգրավել Հարկադիր Կատարողին, կամ դատախազությանը, գուցե ստվերից տուժողների մրցակցային իրավունքները պաշտպանելու համար էլ կարելի է ՊԵԿ-ին ներգրավե՞լ։

ՏՄՊՊՀ պատասխանատվությունը. Տնտեսական մրցակցության որոշ խախտումներ, օրինակ հակամրցակցային համաձայնությունները շատ վտանգավոր են, շատ դժվար են բացահայտվում և իհարկե խստագույնս պետք է պատժվեն։

Բայց մենաշնորհ և գերիշխող դիրքի չարաշահումները Հայաստանում կատարվել են միայն պետության հովանավորությամբ, հիշենք օրինակ՝ բանանի, շաքարավազի, բենզինի և շատ այլ օրինակներ։ Այդ խախտումները չէին վերանում տուգանքներով, գները չէին իջնում։ Եւ երբ 2018 թ. մայիսին վերացվեցին պետականորեն պահպանվող մենաշնորհները, շուկա մտան այլ խաղացողներ և առաջացավ ազատ մրցակցություն, գները միանգամից դարձան տրամաբանական։ Այդ խախտումները ակնհայտ են առաջին իսկ օրվանից և եթե անմիջապես չեն կանխվում, այլ տևում են երկար ժամանակ, ապա դա միայն ու միայն ՏՄՊՊՀ բացթողումն է։ Այդպիսի խախտումների համար առաջին հերթին պետք է պատժվի ՏՄՊՊՀ-ն։

Մեզ թվում է ներկայացված օրենքը ՊԵԿ-ին ատրճանակներ բաժանելու տրամաբանության մեջ է։ Կառավարությունը հավանաբար որոշել է, որ տնտեսական հեղափոխության չկայանալու մեղավորները գործարարներն են և այժմ անխնա պատժելու է նրանց։

Մեր եզրակացությունը՝

  • Օրենքը ենթակա չէ խմբագրումներով լավացնելու:
  • Պետք է ընդունել մրցակցության պաշտպանության ճիշտ հայեցակարգ և մշակել նոր օրենք։ ՏՄՊՊՀ-ի առաքելությունը և նպատակները շատ լավ շարադրված են իրենց կանոնադրության մեջ։
  • Օրենքը պետք է մշակեն Էկոնոմիկայի նախարարությունը և գործարարները, համատեղ։
  • Իրավաբանները պետք է, միայն, խմբագրեն իրավական ձևակերպումները։

Աշոտ Խաչատրյան, Հայկական Ծրագրեր ընկերության նախագահ

Վահե Վարսանյան, Վագա Ֆարմ ընկերության հիմնադիր

Արմեն Գրիգորյան, Ագրոտեք ինվեստ ՍՊԸ, Լուսակերտի թռչնամսի ֆաբրիկայի տնօրեն

Լուսակերտի թռչնամսի ֆաբրիկայի տնօրեն