ՀՀ կառավարությունը 750 մլն դոլարի եվրոբոնդ 2021 թվականին թողարկել է ոչ թե պահի գնահատման արդյունքում, այլ դա եղել է մինչև այժմ վարված համապարփակ քաղաքականության գնահատականը: Այսօր կառավարության նիստում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Փաշինյանն էլ հավելել է, որ թողարկվել է $750 մլն-ի պարտատոմս` «հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ 3,8 %-ով»:
«Սա, իհարկե, շատ կարեւոր ազդակ է մեր տնտեսության համար, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձեւավորվել: Սա հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաեւ վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի եւ կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նախարարը լրացրել է՝ «Քանի դեռ Հայաստանն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը: Բայց սա պատմության մի մասն է, բացարձակ մեծությունից բացի, հաշվի են առնվում նաև հարաբերական ցուցանիշները. համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, դա պետական պարտք-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունն է, այս դեպքում, բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտքը հանդիսանում տնտեսության համար», - ասաց նախարարը։
Տնտեսագետներն ու վերլուծաբանները, սակայն, եվրոբոնդի թողարկումը այս պայմաններում և այս ծավալներով խիստ ռիսկային են գնահատում: Եվրոբոնդն ի վերջո պարտատոմս է, այն վերջնարդյունքում պետական պարտք է՝ պետության ու քաղաքացու ուսերին:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հունվարին Փածինյանի արված հայտարարության հետ կապված նշել էր, որ նման միջոցառումները հարաբերականորեն արժեւորելու են դրամը եւ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել առ այն, որ ՀՀ առեւտրային բանկերից մեկը 6.5%-ով 300 մլն է ներգրավել. սա սա վերագրել է իշխանության հաջողություններին եւ այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։ Պարզապես զարմացած եմ։ Արդյոք նա տեղյա՞կ է բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք տեղեկացվա՞ծ է թե վերջին 2-3 տարիներին տոկոսադրույքների ինչ հսկայական անկում կա վարկային ռեսուրսների շուկայում, արդյոք գիտի՞, որ Արեւմուտքի չաճող տնտեսության հիմնական լծակը մնացել է փող տպելը, արդյոք գիտի՞ բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք գիտի՞, որ 0-1 տոկոսով եվրովարկերը ամնատարածվածն են, արդյոք տեղյա՞կ է, որ Արեւմուտքում որոշ կարճաժամկետ արժեթղթերն ավելի թանկ են, քան երկարաժամկետները, արդյոք հասկանո՞ւմ է, որ նման միջոցառումները հարաբերականորեն արժեւորելու են դրամը եւ արդյոք ընկալում է, որ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը նշել է, որ ցանկացած նոր պարտքի ներգրավում Հայաստանի Հանրապետության համար ռիսկային է նաև միջազգային չափանիշերով՝ հաշվի առնելով այն, որ պարտքը մոտենում է համախառն ներքին արդյունքի 60 տոկոսին: Իսկ շուրջ 750 միլիոն եվրոբոնդերի թողարկման վերաբերյալ տնտեսագետը նկատեց, որ այն խնդրահարույց է ոչ միայն բուն տնտեսական անվտանգության տեսանկյունից, այլև՝ ազգային անվտանգության: Հիմա նույն տրամաբանությամբ՝ մի կողմից՝ պարզ չէ, թե ինչպես են այդ եվրոբոնդերը տեղաբաշխվելու, մյուս կողմից՝ պարզ չէ, թե տեղաբաշխելուց հետո այդ գումարները ո՞ր ուղղությամբ են ծախսվելու: Եթե մի երկրում համահայկական հիմնադրամի գումարներն են ուղղվում պետական բյուջե, փոխանակ հակառակը լինի՝ բյուջեն օգնի այս կամ այն հիմնադրամին… այսինքն՝ բոլոր կարմիր գծերն այս իշխանությունն անցել է, հետևաբար՝ ամեն ինչ ենթադրելու իրավունք ունենք. հաշվի առնելով նաև այսօրվա իրողությունները, ես չեմ բացառում, որ Թուրքիան և Ադրբեջանն օգնեն այդ եվրոբոնդերը տեղաբաշխելու հարցում»,- ասել է տնտեսագետը:
Նշենք, որ դեռևս 2019թ.-ին Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ աննախադեպ ցածր տոկոսվ նոր եվրոբոնդեր են թողարկել. «նոր եվրոբոնդերը թողարկվել են աննախադեպ ցածր տոկոսներով՝ 4,20%-ով, այսինքն՝ 2 տոկոսով ցածր, ինչը նշանակում է՝ ՀՀ տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում։ Ոչ թե մեր ունեցած գումարներից այդ 500 մլն-ը կփակենք, այլ նոր միջոցներ կներգրավենք»,-մեկնաբանեց վարչապետը՝ ասելով, որ այս գործողության արդյունքում ստացվել է, որ նոր պարտքը կվճարվի 2029թ․-ին՝ տարեկան խնայելով 10,2 մլն դոլար», ասելէր Փաշինյանը և հայտարարել տնտեսական հեղափոխության մասին։
Այսօր ևս հայտարարվեց, որ նոր թողարկումը տեղի է ունեցել աննախադեպ ցածր տոկոսով, որ «հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաեւ վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում ՀՀ տնտեսական ապագայի եւ կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»։
Հիմա, պարզ հարց է առաջանում. այս «ահռելի վստահությունը» բացի տածվելուց վերջին 2 տարում որևէ այլ դրսևորում ունեցե՞լ է մեր տնտեսական կյանքում, բացի այն որ ավելանում է երկրի արտաքին պարտքը, իսկ եթե միջազգային ներդրողներն ու՞ր են: