Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, որը 2020-ի նոյեմբերի 18-ին այդ պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։
Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր մարտական խնդիր իրականացնելիս:2020 թվականի հոկտեմբերի 27-ին ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից, որը ստանձնել էր 2020թ.-ի փետրվարից:
Ծնվել է 1974թ. նոյեմբերի 11-ին, Ասկերանի շրջանի Բադարա գյուղում: 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը: 1999թ. ընդունվել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմահրետանային ակադեմիան, որն ավարտել է կարմիր դիպլոմով:
1992 թ. նոյեմբերի 5-ից ծառայում է ՊԲ-ում:
1992-2016 թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` հրետանային հետախուզության պետի օգնական, հրետանային հետախուզության պետ, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, զորամասի ուսումնական ՀԴ հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, միավորման հրետանու պետ, պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար:
2018 թ. դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
2019թ. հուլիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2000թ.-ի փետրվարից մինչև հոկտեմբերի 27-ը ԱՀ Պն նախարարն է եղել:
1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:
2020թ.-ի հոկտեմբերի 28-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: