կարևոր
973 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-04 11:24

ՄԻՊ-ն առաջարկում է գրքերի վաճառքը, տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

ՄԻՊ-ն առաջարկում է գրքերի վաճառքը, տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ չտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։

Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ սահմանված են դպրոցական գրքերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, բայց ոչ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։

Առաջարկվող փոփոխությունը կարևոր խթան կհանդիսանա գրքերի տպագրության ծավալների ընդլայնման և տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը:

Ազգային ժողով եւ Կառավարություն, մասնավորապես, ուղարկվել են նախագծերը, դրանց ընդունման հիմնավորումները եւ ամփոփաթերթերը՝ սահմանված կարգով ընթացք տալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: