Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին: Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Նախապես որոշել էինք փետրվարի 18-ին, բայց հիմա որոշել ենք հանրահավաքը կազմակերպել փետրվարի 20-ին, քանի որ այդ օրը խորհրդանշական է, Արցախյան շարժման սկսման օրն է»,-ասաց քաղաքական գործիչը:
Արցախյան շարժումը թափ հավաքեց 1988 թ. փետրվարի 13-ից սկսած: Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:
1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:
Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից: