Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ պետք է առնվազն ադրբեջանական դպրոց ավարտած լինել՝ այնպիսի հայտարարություններ անելու համար, ինչպիսին անում են Հայաստանի իշխանությունները՝ կապված Շուշիի, ազատագրված տարածքների, արցախյան կոնֆլիկտի հետ։
«Ադրբեջանական մամուլում արագ հայտնվում են նմանատիպ հայտարարությունները, օրինակ՝ գրում են՝ «Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Շուշին ադրբեջանական է», հետո արդեն երկար իրենց հակապատմական, հակագիտական տեքստերն են տալիս այն մասին, թե ինչու է Շուշին ադրբեջանական։ Այսինքն՝ նյութը տալիս են, հետո տակը սկսում են իրենց աղբը լեգալիզացնել»,- 168․am-ի հետ զրույցում հայտնել է նա։
Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ ՀՀ իշխանությունների նմանատիպ հայտարարությունները չիմացության հետևա՞նք են, թե՞ դիտավորություն, նա պատասխանել է․
«Ես կարծում եմ՝ դիտավորություն, որովհետև անհնար է նման պարզ ճշմարտություններ չիմանալ։ Պետք է առնվազն ադրբեջանական դպրոց ավարտած լինես, որ այդ ընկալումն ունենաս ու չիմանաս իրական պատկերը։ Եթե իրենք բոլորը ստացել են ադրբեջանական միջին դպրոցական կրթություն, ապա հնարավոր է նման բաներ ասել՝ չիմանալով, բայց եթե իրենք նորմալ կրթություն են ստացել և նման հայտարարություններ են անում, ապա այդտեղ, վստահաբար, կա միտում»։
Անժելա Էլիբեգովան հավելել է․ «Ես տեսնում եմ, որ հանրությունը նմանատիպ հայտարարություններին նորմալ չի վերաբերվում և ամեն անգամ արժանանում է բուռն արձագանքի։ Եվ ակնհայտ է, որ, երբ ամեն անգամ իրենք փորձում են պարզաբանել, «սվաղել» իրենց արտահայտած մտքերը, դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, հանրային ճնշումն ու արձագանքն իրենց վախեցնում և անհանգստացնում է, և դա լավ է։ Այլ հարց է, որ չի ստացվում արդարանալ, որովհետև ամեն անգամ, երբ նրանք փորձում են պարզաբանել, էլ ավելի մեծ հիմարություն է ստացվում։ Հիմա այստեղ կոմունիկացիոն ունակությունների և հմտությունների պակասից է դա, որ մտքերը չեն կարողանում պարզ շարադրել, թե այլ խնդիր կա, չգիտեմ, բայց ամեն անգամ նույն ձևով սխալ հասկացվելը տարօրինակ է։ Եթե ամեն անգամ ձեզ սխալ են հասկանում, ուրեմն՝ ըստ երևույթին, խնդիրը ձեր մեջ է, ոչ թե հարյուր-հազարավոր սխալ հասկացածների»։
Նա ընդգծել է՝ իշխանությունների հակահայ հայտարարությունների տակից հետագայում դուրս գալը Հայաստանի համար լինելու է շատ լուրջ խնդիր․ «Այո, կասենք, որ այդ մարդիկ կոմպետենտ չեն, և այդ զառանցանքի համար մենք պատասխանատվություն չենք կրում, բայց, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը պահը բաց չի թողնելու՝ հետագայում դա մեր դեմ անընդհատ օգտագործելու։ Այդ ռիսկն ու այդ խնդիրը կա»։
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը մի շարք հակահայ հայտարարություններ է արել «Պոգրանիչնայա ZONA» նախագծի օնլայն համաժողովի ժամանակ:
«Հարավային Կովկասը պատերազմից հետո. նոր սպառնալիքներ ու նոր հնարավորություններ» խորագրով համաժողովին մասնակցում էին նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչներ ու նրանց ներկայությամբ Բեղլոյանն ասել է, որ Հայաստանի իշխանություններն ու հայ հասարակությունը լիովին գիտակցում են՝ վերջին իրադարձությունները կարող են հիմք ստեղծել տարածաշրջանային անվտանգության ու վստահության համար: Իսկ պատերազմից հետո Հայաստանի ընդդիմության հնչեցրած հայտարարությունները պատգամավորը «ռեւանշիստական ու ազգայնական» է անվանել: «Հայաստանը դեմոկրատական երկիր է, և մենք ունենք տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ նացիոնալիստական։ Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ֊ն, ԱԺ֊ն, իշխող կուսակցությունը և Վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չեն Հայաստանի համար»,- ասել է Բեղլոյանը:
Բեղլոյանի ելույթին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ։