կարևոր
2079 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-03 14:06

Զոհվածների ծնողները չեն լռելու, Նիկոլին ու Աննային կոչ եմ անում օր առաջ պատրաստվել այդ դատավարությանը. Գեղամ Նազարյան

Զոհվածների ծնողները չեն լռելու, Նիկոլին ու Աննային կոչ եմ անում օր առաջ պատրաստվել այդ դատավարությանը. Գեղամ Նազարյան

Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այլևս չկրկնվի այն, ինչ եղավ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Ճշմարտություն՝ սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը։

«Այսօր Երևանի տարածքում կա մի գեղեցիկ, բավական մեծ անկյուն՝ 9 առանձնատնով, կից սպասարկող կառույցներով, որտեղ այսօր պատսպարվել, թաքնվել են ժողովրդից երկու ընտանիք, որոնք, այսպես ասեմ՝ անցանկալի անձինք են մեր պետության համար: Անկախ նրանից, թե երբ տեղի կունենա իշխանափոխություն, մինչ այդ պետք է պահանջենք, որ այդ ընտանիքները հավաքեն իրենց իրերը և դուրս գան այդ առանձնատներից, որոնց վրա տարեկան մեր՝ հարկատուների հաշվին ծախսվում է միլիարդից ավելի գումար՝ պահպանության և այլ ծախսեր իրականացնելու համար: Հիմա հարց՝ մեր պետությունը, այս փորձության միջով անցնելով՝ ինչո՞ւ պետք է այդ ահռելի ռեսուրսները, այդ հրաշք տարածքը տրամադրի այդ երկու ընտանիքին, որոնց ղեկավարների թե՛ մտածված, թե՛ տգիտության արդյունքում մենք ունեցանք տարածքային հսկայական կորուստներ,մարդկային ահռելի կորուստներ, ինչո՞ւ պետք է մնան այդտեղ: Զոհված զինծառայողների ընտանիքների անունից, զինծառայողների անունից կոչ եմ անում բոլորին, այդ թվում՝ այդ երկու ընտանիքին, արագ հավաքեք ձեր իրերը և հեռացե՛ք, այն պետք է դառնա բարձր մակարդակի բժշկական կենտրոն, որտեղ պետք է օգնություն ստանան հազարավոր մեր տղերքը, որոնք վիրավոր են, հաշմանդամ են դարձել, ունեն բժշկական տարբեր ծառայությունների, պրոթեզավորման կարիք: Վստահեցնում եմ՝ երբ այդ տարածքը կհանձնվի զինվորին, նրանց ընտանիքներին, կգտնվեն բարերարներ, որոնք կօգնեն բարձր մակարդակի պրոթեզավորման կենտրոն հիմնելու համար: Այնտեղ պետք է լինի բարձր մակարդակի հոգեբանական ծառայություն: Վերջին հաշվով, այնտեղ պետք է վերականգնողական փուլ անցնեն հրաշքով ողջ մնացած մեր զինվորները, որոնք այսօր հոգեբանական ծանր վիճակում են»,- ասել է Նազարյանը:

Նա նշել է, որ, որքան հրաժարականն ուշանա, այնքան ատելությունն ավելի է մեծանալու, խնդիրները հանգիստ լուծելու տարբերակները նվազելու են:

«Մոռացեք այն մասին, որ հանկարծ զոհվածների ծնողները լռելու են, մոռանալու են իրենց վիշտը: Ո՛չ, պե՛տք է պատասխան տան, և մեր Նյուրնբերգն անպայման տեղի է ունենալու, և ես Նիկոլին ու Աննային կոչ եմ անում օր առաջ պատրաստվել այդ դատավարությանը, և իրենք թող նախաձեռնեն, որ դա օր առաջ լինի, որովհետև Աննան ու Նիկոլը սպանեցին իմ Աբգարին, մեր աբգարներին, բայց ես ուզում եմ, որ նրանց երեխաներն ապրեն հանգիստ, և դրա համար մի կարևոր գործոն կա՝ այդ դատավարությունը պետք է օր առաջ սկսվի»,- ասել է նա: