632 դիտում, 2021.02.03 13:06

Արտահերթ ընտրությունները չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ

Արտահերթ ընտրությունները չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ասել է, որ ընդդիմության լիդերների երեկվա հանդիպումից հետո որևէ փոփոխություն իրենց ծրագրերում չի եղել: «Հայրենիքի փրկության շարժումը շարունակելու է գործունեությունը, որևէ բան չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Ավելի մեծ թափով շարունակելու ենք մեր գործունեությունը, մինչև հասնենք այս չարիքի՝ կառավարության հեռացմանը»,- ասել է Սաղաթելյանը:

Խոսելով երեկ քաղաքական 6 լիդերների հանդիպման մասին Սաղաթելյանն ասաց, որ այս հանդիպումը պետք չէ առանձնացնել մյուս հանդիպումներից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պարբերաբար տարբեր ֆորմատներով հանդիպումներ ունենում է։ «Սա հերթականն էր, որտեղ քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը, շարժման անելիքները, առաջիկայում պլանավորել ենք մեր աշխատանքները»,-ասաց նա։

Վազգեն Մանուկյանի՝ իբրև վարչապետի միասնական թեկնածուի, թեկնածությունից դժգության և նրան փոխելու պահանջի մասին Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այդպիսի պահանջ չկա, Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը մեկ շաբաթ առաջ նիստ է հրավիրել, հանդես է եկել հայտարարությամբ, հրապարակել է ճանապարհային քարտեզը, և որևէ բան իրենց մոտեցումների և անելիքների մեջ չի փոխվել։

«Ես մի քանի առիթով ասել եմ, որ այսօրվա այս դավաճան իշխանությունը, որի գործունեության հետևանքով կորցրել ենք մեր հայրենիքի 75 տոկոսը, տվել ենք այսքան զոհեր, գերիներ, անհետ կորածներ, ըստ էության, մեր երկիրը հասցրել են անդունդի եզրին, հիմա իրենք, իրենց դավաճանությունը արդարացնելու համար, իրենց անկարողությունն ու սրիկայությունը արդարացնելու համար փորձում են մեր հասարակությանը համոզել, որ այն, ինչ կորցրել ենք, դա թուրքերինն էր, դա հային չէր պատկանում՝ սկսած վարչապետից, վերջացրած այդ պատգամավորներով, ովքեր անսրբություն, անհայրենիք մարդիկ են։ Փարձելով հանրությանը համոզել, որ սրանով մենք կապրենք խաղաղ՝ չհասկանալով, որ Արցախը ՀՀ անվտանգության բանալին էր»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքով՝ իրենք կգնան արտահերթ ընտրությունների միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից և ժամանակավոր կառավարության ստեղծումից հետո: «Որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրություններին, բայց դրանք չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ»:

«Ոչ մի պառակտում չկա, ամեն բան նորմալ է, մեր աշխատանքներն ամբողջ հունով շարունակվում են: Մարզեր այցերը չեն դադարեցվել, ամեն ինչ շարունակվում է»:  Մարզային այցելությունները, անհնազանդության բողոքի ակցիաները, երթերը, ցույցերը ամբողջ ծավալով շարունակվելու են։