19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հերթական անգամ Ազգային ժողովում փորձում են հապշտապ սահմանադրական օրենքների փոփոխություն իրականացնել՝ ձևախեղում են դատական համակարգը, հատուկ կարգ են մտցնում, նոր դատավորների նշանակման հարց ունեն: Այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Աժ մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ:
Հայրենիքի փրկության շարժումը երեկ հայտարարեց, որ նիստի օրակարգում ընդգրված են հակապետական օրինագծեր ու կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Ազգային ժողովի շենքի դիմաց և բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ: Վաղ առավոտից քաղաքացիները հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ՝ ի նշան բողոքի:
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի փաթեթը քննարկելու համար: Նախագծով առաջարկվում է ստեղծել առանձին դատարաններ, որոնց վերապահվելու է մինչդատական վարույթի քրեական գործերով միջնորդությունների և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը:
«Վերջին շրջանում ականատես եղանք, որ ցանկացած քննադատական կարծիք արտահայտողին մեկուսացնելու և բանտարկելու՝ իշխանության կույր տենչանքին շատ դատավորներ դեմ են արտահայտվում: Եվ հիմա իշխանությունը որոշեց՝ չեք կալանավորում, օրենքը կփոխենք: Այս Ազգային ժողովը իր գործունեության ամբողջ ընթացքում գործել է մի տրամաբանությամբ. որ օրենքն իրենց խանգարում է իրենց անօրինականությունները գործի դնելուն, իրենք ուղղակի օրենք են փոխում: Հիշեք մեկ տարի առաջ ուղիղ այս օրերին ինչ փոփոխություններով էր զբաղված իշխանությունը. երկրի բոլոր կարևոր հիմնախնդիրները թողած՝ իրենց քիմքին հաճո Սահմանադրական դատարան էին ուզում ձևավորել»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ այսօրվա բողոքի գործողությունը նաև ուղղված է այս շենքում հավաքված պատգամավորների ճնշող մեծամասնությանը: «Այստեղ հավաքված յուրաքանչյուր անձ գիտակցում է, որ այս շենքում հավաքված պատգամավորների խումբը, որն ունի իմ քայլը անունով ցուցանակ, ամեն օր խայտառակում է մեր ժողովրդին, մեր երկիրն ու հայության քաղաքական միտքը: Օր չկա որ իմ քայլի որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, խայտառակ արտահայտություն չանի, հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը:
Սա միայն Հայրենիքի փրկության շարժման խնդիրը չէ, արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր բողոքն արտահայտի սրա դեմ»,- ասաց Գեղամ Մանուկյանը: