Երեկ իմ մշտական եթերի ժամն էր: Բայց եթերում չէի: Ասեմ անկեղծ՝ պարզապես չգիտեի ինչի մասին խոսել, ինչի մասին անկեղծանալ այս տաղավարից: Ոչ թե ասելիք չկար, այլ ուղղակի մի պահ սառում ես, ամլանում, լեզուդ սկսում է պապանձվել, երբ արձանագրում ես, որ խոսքը նույնիսկ անուժ է, քանի որ երբ մարդկանց աչքի առաջ է ամեն ինչ, բայց չեն ուզում դա տեսնել, չնկատելու են տալիս, իրենց կրավորականությունը, հարմարվողականությունը, իրենց պասիվությունը, իրենց տունը պատնեշելով՝ այլեւս երկրի մասին չմտածելը դարձնում են ապրելակերպ:
Ինչը՞ կարող էր քննարկման առիթ դառնալ: Երեկ ինչի՞ մասին ասեի, որ հայտնի չէր: Ասեի, որ մեր երկրում շարունակվում է աղետ արտագաղթը: Ասեի, որ մինչեւ 2018 թվականը արտագաղթի մասին ահազանգողներից շատերը երեկ լեզուները ուղղակի թաքցրել էին մեղմ ասած, ու չէին բարձրաձայնում, որ մեր երկրում այս անմեղսունակ կառավարիչների քաղաքականության արդյունքում ոչ թե արտագաղթը չի դադարել, այլ վերածվել է քաոսային գաղթի: Մեկ օր էր անհրաժեշտ սահմանները դեպի Ռուսաստան բացելուն ու ուղղակի խելագարության աստիճան թափ սկսվեց. «Դուխով» հրապարակներում լցվածներից շատերը սուրացել էին Զվարթնոց օդանավակայան:
Ի՞նչ անեի երեկ, խոսեի՞ այս մասին: Ինչու՞: Արդյոք երկրի ժողովրդագրական վիճակով Հայաստանում ու Հայաստանի սահմաններից դուրս անհանգիստ մեր հայրենակիցները չէ՞ին տեսնում հազար ու մի ուղիղ եթերներում, ռեպորտաժներում, թե ինչպես են մարդիկ վայրկյան առաջ ցանկանում լքել երկիրը: Իմ խոսքո՞վ պետք է արձանագրեին այդ ողբերգական գաղթը: Մեղադրե՞մ այդ մարդկանց, որոնք հեռանում են գումար վաստակելու համար: Արդարացնելու իրավունքը չունեմ ու չեմ անի, բայց մեղադրանքի տեր էլ չեմ կարող դառնալ: Մեղադրել պետք է այն մարդկանց, մարդուն, որը հասցրեց այս օրվան: 2018-ին պոռոտախոսությամբ էր զբաղվում հրապարակներում. հարյուր հազարավորների հայրենիք վերադառնալու խոստումներով, կալիֆորնիաներում ու այլ երկրներում իբր ճամպրուկներն արդեն հավաքած հազարավորների մասին էր օրնիբուն թմբկահարում, դեռ 2020 օգոստոսին ինչ-որ շքեղ դահլիճում Հայաստանի 2050-նն էր նկարագրում, ու մի քանի միլիոնանոց հայության մասին ճամարտակում: Ու երեկվա գաղթի պատկերները Զվարթնոց օդանավակայանից:
Ե՞ս պետք է հեռուստաէկրանից ասեմ, որ մտահոգվածները հասկանան դա: Թե՞, լավ էլ հասկանում են, բայց մնացել են մեկին կուռք դարձնելու հիպնոսի մեջ:
Ինչի՞ մասին երեկ կամ այսօր խոսեի. որ այլեւս Հայաստանի խորհրդարանի պատգամավորը, պատգամավորները կարող են ուրանալ ամեն ինչ՝ հայրենիք, պատմություն, Արցախ, պայքար, ինչպես օրերս խոսել էր Նիկոլի ուսապարկներից մեկը: Բայց չէ՞ որ բոլորն էլ լսել են այդ ամենը: Ու շատերը, որ նաեւ եղել են իմ ընկերը, զինակիցը, անցնող երեսուն տարիներին միասին ճանապարհ անցածը, երբ նրանցից եմ շատ բաներ սովորել, թերեւս մի բան էլ նրանք՝ ինձնից, այսօր լուռ են: Նիկոլի ուսապարկ անունը ստացած, նրա բերած պատգամավորները կարծես դարձել են սուրբ կովը: Ամեն անգամ պետք է ցուցանե՞լ հերթական ուսապարկ պատգամավորի ապուշությունները, կրկնում եմ ապուշությունները. Մեկը, որ գերիների վերադարձի մասին խոսելիս ասում է՝ կինոներում չե՞ք տեսել, թե ոնց են գերիներին հետո վերադարձնում, մեկ ուրիշը, որ ասում է ինքը քաղաքական գործիչ է ու իր ասածները չպետք է փաստարկներով հիմնավորի, մեկն էլ կա, որ իրեն զորահրամանատար է ներկայացնում Ազգային Ժողովի ամբիոնից, ասում է թե պատգմավորներով ֆեյսբուքներում փնտրում էին, թե ինչ միջոցներով անօդաչու թուրքական ինքնաթիռների դեմ պայքարեն:
Լավ, զինվորականներին, կրթված մարդկանց աչքերին նայելով ինչի՞ մասին անկեղծանամ: Չե՞ք տեսնում, չե՞ք լսում: Չե՞ն տեսնում ուսուցիչները, համալսարանական դասախոսները, լավ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները, դասախոսները, որ դեռ պատանեկան տարիքը հազիվ անցած պատգամավոր-ուսապարկը, այն էլ հատուկ ուսապարկը, քանի որ հանձնաժողովի նախագահ է, Ազգային Ժողովի ամբիոնից վաստակավոր գիտնական, Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Արթուր Իշխանյանին դիմում է ֆիզիկայի ինստիտուտի թղթակից անդամ: Լավ, պե՞տք է խոսեմ, որ հազարավոր մեր ուսյալ, կրթյալ ուսանողները, ասպիրանտները, գիտնականները ընդվզեն, թե ում են իրենց գլխին կարգել ղեկավար: Թե՞ նրանցից շատերը չեն ուզում անկեղծ ասել, որ իրենք են դրան բերել 2018-ին իշխանության ու հիմա ուղղակի ձեռքերը լվացել են:
Լավ, առնվազն մեղայականով հանդես եկեք: Ու՞մ հաշվին բերեցիք. իմ ընտանիքի հանդարտության, իմ հարազատների անապահովության, մեր հազարավոր զավակների, իմ ընկերների նահատակության, մեր երկրի, Արցախ աշխարհի կորստյա՞ն: Լավ, պետք է ասե՞նք, որ տեսնեք, թե ինչ անմակարդականեր են իշխում ու անբարտավան իշխում: Կարող են մուննաթ էլ գալ գիտնականի վրա, նույն այն գիտնականի, ում լեզվի տակ ոսկոր չի եղել բոլոր իշխանությունների ժամանակ: Ով, երբ մտնում է մեր հեռուստաընկերություն հարցազրույցի, ակնածանքով ենք դիմավորում, ու ժամերով հաճույքով կզրուցենք:
Ինչի՞ մասին անկեղծանամ: Օրերով հակադարձե՞մ Նիկոլ Փաշինյանին ու հեուստադիտողին համոզեմ, որ նիկոկը սխալ է, երբ ասում է թե Շուշին 90 տոկոսով ադրբեջանաբնակ էր, ուրեմն հայկակա՞ն համարենք: Հետո օրերով սկսեր իր խոսքերը մեկնաբանել, բայց այդպես էլ չասելով մեկ արտահայտություն, որ Շուշին հայկական էր, հայկական է եւ կլինի հայկական:
Հայ մարդ, հայրենակից, հեռուստադիտող, ե՞ս պետք է հաղորդմամբ այդ մասին անկեղծանամ, որովհետեւ շատերը չընդվզեցին Փաշինյանի Շուշիի մասին հայտարարության դեմ: Լավ, ու՞ր է տրամաբանությունը, բանականությունը, հայկականությունը: Ու՞ր են տասնամյակներով Արցախի մասին խմբագրականներ գրածները, ելույթներ ունեցածները, ճառեր ասածները: Ու՞ր է այդ ըմբոստությունը: Չէի՞ք լսել Նիկոլի ասածը, շարունակու՞մ էիք արդարացնել, թե՞ լռելով եք խույս տալիս այս դավաճանությունից, որ այլեւս պետական մակարդակով է:
Ինչի՞ մասին անկեղծանամ: Որ 2018-ին ժողովրդի սոցիալական դժվարությունների վրա իշխանության եկած Նիկոլի՝ աղքատին հարստություն, հարուստին՝ կուլակաթափում, օլիգարխներին պատիժ, փողերի վերադարձ, արդար բաշխում կարգախոսներով իշխանության եկավ: Հիմա պարգեւավճարը իրենցն է, օլիգարխը՝ լավ էլ ընկեր, գործընկեր, ուղղակի սեփականատեր: Իսկ քաղաքացուն, թեկուզ սոցիալապես վատ ապրող, մնաց ամեն օր թանկացող ապրանքը: Ե՞ս պետք է ասեմ, որ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, որ տեսնեք, թե՞ խանութ բոլորն են գնում: Մենակ չասեն՝ թոշակը հազար դրամով ավելացել է: Վաղը խանութ մտնելուց թող հաշվեն 1000 դրամն ու թանկ ձեթն ու մյուս ապրանքները եւ հաշվեն:
Ինչի՞ մասին անկեղծանամ, որ կարողանամ գեթ մեկ հայրենակցի համոզել, որ մեր երկրում տեղի է ունեցել գահավիժում, այն դարձել է իրական սոդոմ գոմոր, երբ տաքսու վարորդից մինչեւ բարձր պաշտոնյա ամեն քայլափոխի քննարկում են ննջասենյակային կեղտոտ հարցեր, դիտում ինչ-որ տեսանյութեր, քննարկում դրանք, երբ բացվել են արդեն ննջասենյակների դռները բարձրագույն պաշտոնյաներից մինչեւ ուսապարկեր: Չե՞ք տեսնում, սա, տատիկներ, մայրիկներ, մանկապարտեզի դաստիարակներ: Չե՞ք տեսնում, որ նույնիսկ ձեր շատ տարեկիցներ այս ահավոր խենթանոցի մասնակիցն է ֆեյսբուքյան տիրույթներում:
Պե՞տք է մեկն անկեղծ այդ մասին ասի, որ ուղղակի աչքի զարնող փաստերը ավելի պարզ լինեն: Չե՞ք տեսնում, որ հայրենիքից եք զրկվել, չե՞ք տեսնում Եռաբլուրը, չե՞ք տեսնում, որ զոհի ընտանիքին ամեն այցից հետո իրեն երկրի թիվ մեկ տիկին հռչակածը ճամփորդում է այս ու այն կողմ: Չե՞ք տեսնում, որ ամուսին վարչապետի աթոռը զավթածը երկիրը դարձրել է մանկապարտեզ ու ամենաբարձր պաշտոնների նշանակում է միայն սանիկ հարազատների, անգրագետ, անմեղսունակների: Չե՞ք տեսնում:
Առնվազն հիշեք աստվածաշնչյան խոսքը՝ ավելի լավ է կույր աչքով, քան կույր մտքով: Բայց անկեղծ ասած՝ այսօր շատ հարցերի էի ցանկանում անդրադառնալ, դրա համար էլ այսպես խոսեցի: Շարունակելու եմ չլռել: Դասալիք չեմ: Գիտեմ, որ մի օր պայծառացում լինելու է: Անհնար է չլինի: Հայ ենք չէ՞: