«Իմ քայլը» խմբակցության մի խումբ նախկին լրագրող պատգամավորներ ցանկանում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որով արգելվելու է անանուն աղբյուրներին հղում անելը: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել փետրվարի 1-ին:
«Խոսքի ազատության սահմանափակման համատեքստում հարկ է արձանագրել, որ անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր: Եվ ելնելով մերօրյա իրողություններից և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունից՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին և խոսքի ազատությունը»,- նշվում է նախագծում:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն` թողարկման տվյալները ներկայացնելու պահանջ է դրվելու նաև ինտերնետային ԶԼՄ-ների առջև, ըստ որի՝ վերջիններս իրենց կայքում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անուն-ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը, ինչպես նաև հետադարձ կապը, այն է՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Առաջարկվում է ԶԼՄ օրենքի 3-րդ հոդվածում ավելացնել նոր կետեր, որոնց համաձայն՝ կհստակեցնեն մի շարք հասկացություններ, այդ թվում` անանուն աղբյուրը: Վերջինս բնորոշվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Մյուս նոր հասկացությունը կառավարման վրա ազդեցություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ(ինք) են: Այն բնորոշվում է որպես`
Փոփոխությունների մյուս մասը վերաբերում է լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության պահանջին:
Զանգվածային լրատվության միջոցի եկամուտները գոյանում են գովազդից, այլ վճարովի եթերաժամից, սեփական արտադրության տպագիր պարբերականի, տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային վճարումներից, հովանավորությունից, կառավարման վրա ազդեցություն ունեցող անձի կամ անձանց ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Լրատվական գործունեություն իրականացնողը մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ, իսկ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին՝ ըստ աղբյուրների, ինչպես նաև տեղեկություններ հինգ առավել խոշոր գովազդատուների և հովանավորության մասին:
Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու, օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու դեպքում առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով տուգանք (500 հազար դրամ), իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով գումար` մեկ միլիոն դրամ:
Նախագծի հեղինակներն են Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը: