կարևոր
2064 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-02 22:34

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերին

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերին

Փետրվարի 2-ին, Եվրախորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին համատեղ հայտարարությամբ։

Պատգամավորները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն անհրաժեշտ են առավել քան երբևէ, մասնավորապես նշելով, որ հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքների՝ այդ թվում ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները ափսոսանք են հայտնել, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջապես չի իրականացվել. «Մենք ողջունում ենք ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը և դիմում ենք Ադրբեջանին ՝ մնացածին ազատելու համար, որպեսզի վստահությունը վերակառուցվի: Մենք նաև հորդորում ենք ապահովել միջազգային կազմակերպությունների լիովին անկաշկանդ մուտքը մարդասիրական օգնության և մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով»,- ասված է համատեղ հայտարարության մեջ: