կարևոր
3031 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-02 21:54

ՀՀ-ի հետ Վրաստանը չի բացել սահմանը, չնայած վերսկսել է կանոնավոր չվերթները

ՀՀ-ի հետ Վրաստանը չի բացել սահմանը, չնայած վերսկսել է կանոնավոր չվերթները

Վրաստանի իշխանություններն առայժմ պատրաստ չեն բացել ցամաքային սահմանները։ Փետրվարի 1-ից օտարերկրացիները կկարողանան երկիր մտնել բացառապես օդային ճանապարհով: 

«Ցանկացած պատվաստման ամբողջական կուրս անցնելու (որը ենթադրում է երկու ամբողջական դեղաչափ) և սահմանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել երկիր՝ առանց պայմանների»,-հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։:

Փետրվարի 1-ից Վրաստանը վերսկսել է կանոնավոր չվերթները: Ավիաընկերությունները հրապարակել են ուղղությունները, որոնցից կարող են օգտվել Վրաստանում գտնվող անձինք: «Georgian Airways» ավիաընկերությունն այս ցանկում ներառել է նաև Երևանը: 

Վրաստան-Հայաստանի ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային սահմաններով ելումուտի հետ կապված նոր կանոնակարգեր չկան, քանի որ Վրաստանը սահմանը չի բացել ՀՀ-ի համար: Այսինքն Վրաստանը չի ընդունում Հայաստանի քաղաքացիներին, բացառությամբ պատվաստանյութի ամբողջական կուրս անցածների: Իսկ Վրաստանից ՀՀ վերոնշյալ չվերթներով կարող են տեղափոխվել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հաայստանից Վրաստան՝ Վրաստանի քաղաքացիները: Թույլ է տրվում նաև տեղափոխվել (Վրաստանից դուրս գալ ու վերադառնալ) Վրաստանի ու Հայաստանի պաշտոնական երկքաղաքացիություն ունեցող անձանց:

Վրաստանից ելքի դեպքում կառավարությունը Հայաստան տեղափոխվող քաղաքացուց չի պահանջում որևէ փաստաթուղթ: Հավելյալ պահանջներ կարող է ունենալ ավիաընկերությունը, և պետք է պարզել անմիջապես ավիաընկերությունից:

Հայաստան մուտք գործելուց ոչ ավելի ուշ քան 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնելը պարտադիր է: Վրաստան- Հայաստան սահմանի Բագրատաշենի սահմանային անցակետում ՀՀ մուտք գործող քաղաքացիները (այդ թվում`ՀՀ քաղաքացիները) պարտավոր են հենց սահմանին PCR թեստ հանձնել։ Թեստի արժեքը 15000 դրամ է։ Թեստը պարտադիր է ցանկացած տարիքի այցելուի համար, անգամ` նորածնի։ Պատասխանն ուղարկվում է մեկ օր անց` էլեկտրոնային հասցեին։ Այդ ընթացքում ՀՀ մուտք գործած քաղաքացին պարտավոր է ինքնամեկուսանալ, մեկուսացման կանոններն անտեսելը պատժվում է 50-300 հազար դրամով։ Եթե քաղաքացին հրաժարվում է թեստ հանձնել, նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխում են Երևան՝ կարանտինի գոտի։

Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Այս պահանջը գործում է նաև օդային սահմանային անցման կետերում: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Վրաստանը ներս կթողնի բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք անցած կլինեն  COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը՝ երկու դոզա: Որոշակի պայմաններով երկիր կարող են մուտք ունենալ նաև Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Նրանց համար պարտադիր է PCR  թեստի բացասական պատասխանը՝ արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, իսկ Վրաստան այցի 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ անցնել։