կարևոր
862 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-02 19:42

Հիմա թուրքերը պետք է որոշեն, որտեղ, ինչպես, ինչ քանակով ու ինչի համար հայերը կարող են զորք ունենալ կամ չունենալ. Արտակ Զաքարյան

Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեության և դրա ազդեցության մասին է գրում պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: 

«Նիկոլի հրահրած պատերազմի եւ նրա անփառունակ ավարտից հետո Հայաստանը հայտնվել է տարածաշրջանային քաղաքականության այնպիսի ծուղակում, որից փրկվելու համար գերջանքեր են անհրաժեշտ։ Մեր շուրջ տեղի է ունենում աշխարհաքաղաքական առևտուր, որից յուրաքանչյուրն ուղակի կամ անուղակի վերաբերում է մեր երկրի հետագա ճակատագրին:

Փոխարենը, նիկոլիզմով տառապող Հայաստանում, իշխանությունը՝ օգտագործելով ոստիկաններին և օգտվելով բանակային սպայակազմի կրավորական կեցվածքից, համառորեն շարունակում է Հայաստանի և Արցախի ապագան կործանելու իր քաղաքականությունը:

Քաղաքային բակերում և գյուղամիջում, ձմռան արևի թույլ շողերի տակ պարապությունից տաքացող նիկոլական նախկին ընտրազանգվածը, ուղղեղներին "զոռ տալով" և ներքաղաքական բամբասանքների թեմաները շրջանառելով, դեռևս լավ չեն հասկացել, թե ինչպիսի՞ աղետ ու չարիք է բերել իրենց Նիկոլը, հենց իրենց գլխին:

Նիկոլի կոշիկները լիզող պատգամավորները, տարբեր միջազգային և ներքին հարթակներում, աննկարագրելի հիմարություններ դուրս տալով, էշությունների իսկական շքերթի են վերածել Հայաստանի քաղաքական նկարագիրը:

Իսկ զուգահեռ իրականության մեջ, հունվարի 30-ին, Ակնայի (Աղդամ-Մարզիլլի) մոտակայքում, հանդիսավոր կերպով բացվել է ռուս-թուրքական մոնիտորինգայի կենտրոնը: Առաջին անգամ ռուս և թուրք զինծառայողները միասին պետք է աշխատեն մեկ կենտրոնում, որի նպատակն է կրակի դադարեցման ռեժիմին հետևելը: Սա նշանակում է, որ Թուրքիան, արդեն պաշտոնապես առաջին հաստատուն քայլն է իրականացրել Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունը գրանցելու համար:

Ըստ Թուրքիայի ռազմական փոխնախարար Ղարաօսմանլուի, այս կենտրոնն ամբողջ տարածաշրջանի համար ունենալու է կարևոր ռազմավարական նշանակություն, որտեղ դիտարկվելու և քննարկվելու են տարածաշրջանային կայունության բոլոր խնդիրները: Այսինքն, Նիկոլի անխոջ ջանքերի շնորհիվ, ցեղասպանության ենթարկված ու այդպես էլ խելքի չեկած հայ ժողովուրդը, իր անվտանգության և տարածաշրջանային շահերը դրել է թուրքական յաթաղանի բարեհաճության տակ: Եվ հիմա թուրքերը պետք է որոշեն, որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ քանակով ու ինչի՞ համար հայերը կարող են զորք ունենալ, կամ չունենալ, և ընդհանրապես՝ տեղաշարժվել: Ահա հպարտ քաղաքացու անխելք որոշման ու թուրքական փողերով իրականացված սորոսյան դիվերսիայի հերթական արդյունքը:

Հպարտ հային, ով ուներ ազգային բանակ, անկախ պետականություն, միջազգային հեղինակություն, ձևավորվող տնտեսություն, քաղաքական ինքնուրույն միտք, սեփական շահեր, հոգևոր-մշակութային առանցք՝ կարողացան խաբել: Կարողացան խաբել և ձեռքից վերցնել 5 քաղաքներ, 4 քաղաքատիպ ավաններ և 286 գյուղեր: Հպարտ հային ասեցին, որ դու այսուհետ հպարտ քաղաքացի ես, որի լավագույն հեռանկարը ազատ արտագաղթի մեջ է լինելու:

Արդյունքում, Ակնայի մերձակայքում, ընդամենը երեք ամսում մոտ, 4 հեկտար տարածքի վրա կառուցվեց 65 կեցավայրից բաղկացած մոնիտորինգի համատեղ կենտրոն՝ 60 ռուս և 60 թուրք զինծառայողների համար: Կենտրոնում տեղակայվելու է նաև անօդաչու թռչող սարքերի բազան, որն Արցախի և հարակից օադային տարածքներից իրականացնելու է մշտադիտարկում: Կենտրոնն ունենալու է ռուս և թուրք գեներալների համատեղ համահրամանատարություն, և մշտական կապ Մոսկվայի ու Անկարայի հետ: Իսկ կենտրոնի անվտանգությունն ապահովելու են ադրբեջանական ստորաբաժանումները:

Ինչպես տեսնում եք, Հայաստանը տարածաշրջանում այլևս գոյություն չունի: Ոչ թե պարտվել է դրա համար, այլ որովետև Հայաստանի այսպես կոչված իշխանությունները վերածվել են սովորական պոլի շորի (քաղաքական իմաստով), որն իրեն սպասարկող պետական ու ռազմական ապարատի հետ միասին, հայ ժողովրդի բյուջեից շարունակում է աշխատավարձ ու պարգևավճար ստանալ՝ Հայաստանը քանդելու դիմաց:

Ու՞մ շահերն է սպասարկելու ռուս-թուրքական կենտրոնը, Հայաստանի թե՞ Արցախի: Պատասխանը միանշանակ է. քանի դեռ նիկոլիզմը Հայաստանում տեղ ունի, կենտրոնն անտեսելու է և՛ Հայաստանի, և՛ Արցախի շահերը»: