կարևոր
1808 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-02 16:49

Հակամարտությունների լուծումը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության առաջնային հարցերից է

Այսօր Ռուսաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսում Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն հայտնել է, որ «ԵԱՀԿ-ում մեր նախագահության դիրքորոշումն արդար բրոքերի դերն է»: Լինդեի խոսքերով, հակամարտությունների լուծումը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության առաջնային հարցերից է։

«Մեր քննարկումների մեծ մասը նվիրված էր ԵԱՀԿ-ի ողջ օրակարգային հարցերին։ Լեռնային Ղարաբաղում նախորդ տարվա բռնկված հակամարտությունը մեծ տառապանք բերեց մարդկանց: Այն ցույց տվեց, որ հակամարտությունների մի մասը մնում է չլուծված և այս դեպքում ԵԱՀԿ-ն պետք է մեծ դեր կատարի, որպեսզի ապահովվի կայուն խաղաղություն»,-ասել է ԵԱՀԿ նախագահը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

Ան Լինդեն նշեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կստանա լիակատար աջակցություն։

ԵԱՀԿ նախագահությունը Շվեդիան ստանձնել է հունվարի 1-ից: Մոսկվա այցից առաջ Լինդեն հայտարարել էր, որ հույս ունի Ռուսաստանի արտգործնախարարի հետ արդյունավետ և անկեղծ քննարկումներ անցկացնելու ԵԱՀԿ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: