կարևոր
1036 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-02 14:39

Սա օրինական դատարան չէ. Գևորգյանի պաշտպանը նախագահող դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց

Սա օրինական դատարան չէ. Գևորգյանի պաշտպանը նախագահող դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննության մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, նիստի մեկնարկից առաջ ստացվել է Արմեն Գևորգյանի պաշպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։

«Հարգելի դատարան, ես գտնում եմ, որ դուք բացարկման ենթակա դատավոր եք ու սույն քրեական գործով չեք կարող իրականացնել վարույթն իրականացնող մարմնի պարտականությունները»,-դիմելով դատավոր Աննա Դանիբեկայնին՝ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշեց, հանգամանքները, որոնք պատրաստվում է  ներկայացնել, կվկայեն այն մասին, որ այս պահից սկսած սա օրինական դատարան չէ։

Նրա խոսքով, դիմել են դատախազություն, խնդրել են մարդու անձնական կյանքի մասին տեղեկատվությունն առանց նրա համաձայնության հրապարակելու փաստով հարուցել քրեական գործ։ Փաստաբանի համոզմամբ, դատավորի արարքը երեք հանցակազմերից առնվազն մեկին համապատասխանում է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական անփութություն, անձնական տվյալների օգտագործում կամ իրացում։

Դատախազությունն իրենց հաղորդումը վերագրել է ՀՔԾ-ին, ՀՔԾ պետի տեղակալ Ենոքյանն իրենց հայտնել է՝ իբր հաղորդումն ընդհանրական է, վերացական, կոնկրետ տվյալներ չի պարունակում հանցագործության մասին, քրգործ չի հարուցվել։ Ալեքսանյանն ասաց, դա որակել են անգործություն, բողոքարկել վերաքննության կարգով, բացի այդ հարցը քննարկման առարկա են դարձել ՄԻՊ-ի մոտ։

Ինչպես է ստացվում, որ դատավորի քթի վիրահատության վերաբերյալ հրապարակված տեղեկության առումով Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, այն էլ երկու հոդվածներով, իսկ այս դեպքում, երբ խոսքը նույնպես վերաբերում է բժշկական գաղտնիքի հրապարակմանը, ոչ միայն քրեական գործ չի հարուցվել, այլև նյութեր չեն նախապատրաստվել, - ասաց պաշտպանը։

Նա մանրամասնեց, որ ՄԻՊ-ը տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցով դիմել է դատախազություն, վերջինս նյութեր նախապատրաստելու պահանջով՝ ՀՔԾ։ Վերջինն էլ նյութեր նախապատրաստեց, որոշում կայացրեց՝ քրգործի հարուցումը մերժել։ «Ինչո՞ւ եք դուք բացառություն, ինչո՞ւ մյուս դատավորներին կարող են հարցաքննել, Ձեզ՝ ոչ։ Միգուցե այն հանագամանքով, որ Դուք այս քրեական գործով ընտրվել եք անփոխարաինելի դատավոր։ Ձեր նկատմամաբ առկա է հատուկ վերաբերմունք»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ դատավորը պետք է հեռանա այս գործից։

Բացարկի միջնորդությանը միացան նաև պաշտպաններ Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը։