կարևոր
2339 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-02 14:36

Իմքայլական պատգամավորի հակահայ հայտարարությունները՝ միջազգային համաժողովին

Իմքայլական պատգամավորի հակահայ հայտարարությունները՝ միջազգային համաժողովին

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը մի շարք հակահայ հայտարարություններ է արել «Պոգրանիչնայա ZONA» նախագծի օնլայն համաժողովի ժամանակ:

«Հարավային Կովկասը պատերազմից հետո. նոր սպառնալիքներ ու նոր հնարավորություններ» խորագրով համաժողովին մասնակցում էին նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչներ ու նրանց ներկայությամբ Բեղլոյանն ասել է, որ Հայաստանի իշխանություններն ու հայ հասարակությունը լիովին գիտակցում են՝ վերջին իրադարձությունները կարող են հիմք ստեղծել տարածաշրջանային անվտանգության ու վստահության համար: Իսկ պատերազմից հետո Հայաստանի ընդդիմության հնչեցրած հայտարարությունները պատգամավորը «ռեւանշիստական ու ազգայնական» է անվանել: «Հայաստանը դեմոկրատական երկիր է, և մենք ունենք տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ նացիոնալիստական։ Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ֊ն, ԱԺ֊ն, իշխող կուսակցությունը և Վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չեն Հայաստանի համար»,- ասել է Բեղլոյանը:

«Մենք  պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ասում է. «Կարևոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այստեղ են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝  մենք չենք կարող փոխել իրողությունը։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի և ադրբեջանցիների համար, եթե վերջիններս ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ ևս 5 տարի, կամ կունենանք խաղաղություն տարածաշրջանում»: