Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սույն թվականի փետրվարի 3-ից 8-ը ներառյալ բացակայել Հայաստանից։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Երկիր Մեդիային տեղեկացրեց, որ Մոսկվայում անցկացվելու է «Սիստեմա» ԲՖԿ–ի նիստը, որի խորհրդի անդամ է Ռոբերտ Քոչարյանը: «Երկրորդ նախագահը Մոսկվա է մեկնում նիստին մասնակցելու նպատակով»,– ասաց Սողոմոնյանը։:
Դատարանի որոշման հետ կապված այսօրվա նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ դատարանի որոշման հիման վրա «Ոստիկանությանը խնդրվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները այդ ընթացքում վերացնել և հետո կրկին կիրառել։ ՀՀ-ից մեկնելու թույլտվության մասին տեղեկացվել են Ոստիկանության և ԱԱԾ պետերը»։ Դատախազը նաև խնդրեց որոշման հիմքերը:
Դատավոր Դանիբեկյանը խոստացավ մեղադրող կողմին տրամադրել փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել է երկրից բացակայելու թույլտվությունը։
Դատախազ Բաղդասարյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստերից մեկում բարձրացվել է Ռ․Քոչարյանի՝ երկրից բացակայելու թույլտվություն տրամադրելու հարցը, սակայն որևէ պարզաբանում այդ առնչությամբ չի տրվել։
Նախագահող դատավորը նշեց, որ եթե մեղադրող կողմն առարկություն ունի, կարող է բողոքարկել դատարանի որոշումը։