Մյանմայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սպառնացել է վերականգնել պատժամիջոցներն այդ երկրի դեմ:
«ԱՄՆ-ը տեր կկանգնի ժողովրդավարությանը, որտեղ որ այն հարձակման թիրախում կհայտնվի»,-ասել է Բայդենը:
Մինչդեռ պատժամիջոցները մեղմվել էին միայն վերջերս, երբ երկիրը սկսել էր դուրս գալ տասնամյակներ տեւած ռազմական բռնապետությունից: Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու ՄԱԿ-ը եւս դատապարտել են ռազմական հեղաշրջումը:
Հիշեցնենք, որ նախօրեին զինվորականները ձերբակալել էին դե ֆակտո ղեկավար Աուն Սան Սու Չժիին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Նրանք մեղադրում են խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Կին առաջնորդը, որը մինչեւ 2010թ. 15 տարի կալանքի տակ է անցկացրել, նախքան իրեն բերման ենթարկելը նամակ է գրել ու իր կողմնակիցներին կոչ արել հեղաշրջման դեմ դուրս գալ, քանի որ զինվորականներն իրենց գործողություններով երկրում նորից բռնապետություն կհաստատեն: