կարևոր
1177 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-01 19:26

«Շիրակը» վերադարձավ Ֆուտբոլի ֆեդերացիայի կազմ

Ֆուտբոլային ակումբների նախաձեռնությամբ առաջին անգամ կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողով: Այդ մասին տեղեկացնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը։

Ժողովը կայացել է Գյումրիում, որին մասնակցել են ՀՖՖ 24 անդամներից 13-ը: Մինչև օրակարգային հարցերին անդրադառնալը «Դովեղ» ՖԱ ՀԿ-ի ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանը փորձել է ճշտել՝ արդյո՞ք իր ներկայությունը ժողովին օրինական է, թե ոչ՝ հաշվի առնելով այն, որ «Դովեղն» այն վեց անդամներից մեկն է, որի անդամությունը ՀՖՖ-ն օրեր առաջ կասեցրել է:

Օրակարգում էր ՀՖՖ 6 անդամի անդամության կասեցման հարցը: Մինչև որոշում կայացնելը ժողովն ընդմիջվեց մեկ ժամով, որպեսզի «Անի» և «Վեստ Արմենիա» ակումբները հնարավորություն ունենային արձագանքելու և հարկ եղած դեպքում դիրքորոշում հայտնելու: Վեց ակումբներից չորսի՝ «Արագածի», «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» եւ «Դիլիջանի» ներկայացուցիչները ներկա էին ժողովին: Օրակարգի երկրորդ հարցը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամագրումն էր ՀՖՖ-ին:

Ժողովի մասնակիցները վերջում քննարկել են ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունները: Ժողովի արձանագրության մեկ օրինակը տրամադրվելու է ՀՖՖ գործադիր մարմին: Ներկաները հույս են հայտնել, որ այսուհետ հայկական ֆուտբոլային ընտանիքին վերաբերող հարցերը լուծվելու են բացառապես երկխոսության և համերաշխության մթնոլորտում: