կարևոր
1737 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-01 17:05

Այն կառավարությունը, որն ընդունակ չէ  կրկնապատկել գիտության ֆինանսավորումը, պատերազմի աղետից հետո գիտակցել դասերը, պետք է գնա վաստակած հանգստի. Արթուր Իշխանյան

Այն կառավարությունը, որն ընդունակ չէ  կրկնապատկել գիտության ֆինանսավորումը, պատերազմի աղետից հետո գիտակցել դասերը, պետք է գնա վաստակած հանգստի. Արթուր Իշխանյան

«Հարգելի՛ պատգամավորներ, շատ կոնկրետ՝ պարոնա՛յք Հայրապետյան և Հովհաննիսյան, եթե դուք չեք կարող այս կառավարությանը ստիպել, որ գիտության ֆինանսավորումն անմիջապես ավելացնի, ապա դուք պետք է հեռանաք: Այն կառավարությունը, որն ընդունակ չէ  կրկնապատկել գիտության ֆինանսավորումը այս 44-օրյա պատերազմի աղետից հետո, գիտակցել դասերը և ընդունակ չէ, օրինակ, 25 մլն դոլար ավելացնելու, այդ կառավարությունը պետք է գնա վաստակած հանգստի»,-  այս մասին «Գիտությունը՝ անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Ֆիզիկայի ինստիտուտի թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:

Նա ընդգծեց՝ բոլոր կառավարություններն են վարվել գիտության հետ վատ, գործող կառավարությունը՝ էլ ավելի վատ: «Եթե մենք ուզում ենք իրոք զարգանալ, առնվազն չպետք է վնասենք: Ես ուզում եմ, պարո՛ն Դումանյան, դիմել Ձեզ և ասել՝ այն օրենքի փաթեթը, որը դրված է շրջանառության մեջ, դա ոլորտի վրա իր ազդեցությամբ հավասարազոր է լինելու Շուշիի հանձնմանը: Կարելի է 40-ից ավելի կետեր թվարկել, բայց մի կետն արդեն բավարար է»,- ասաց նա և պարզաբանեց, թե ինչու է այդպես կարծում:

Այդ օրենքից հանված է գիտության ֆինանսավորման նվազագույն շեմը, հայեցողական է դա այլևս դարձել, բացի այս կետը, կա Ակադեմիայի կարգավիճակի հարցը: «Մենք ունեցել ենք բազմաթիվ հիմնարկներ, որոնք փոշիացել են, եթե գտնվել են ակադեմիական հիմնարկից դուրս, շատ քիչ բացառությամբ: Ակադեմիան ունի պատմական առաքելություն, որն իդեալական իրականացրել է, ոտնձգությունը նրա նկատմամբ հանցագործություն է և ճշգրիտ հակասում է նրան, ինչ գրված է այնտեղ, այդ կետը պետք է ավելանա»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ լսումներ են անցկացվել «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով:

Լսումներին մասնակցում են ինչպես խորհրդարանականները, այնպես էլ Կառավարության ներկայացուցիչները՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ տարբեր ՀԿ-ներ, գիտակրթական հաստատություններ: