կարևոր
2895 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-01 12:55

Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ չի ասել հաղթում ենք, հավատացել է, որ հաղթելու ենք

Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ չի ասել հաղթում ենք, հավատացել է, որ հաղթելու ենք

Ես որևէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես էր ասում՝ հաղթում ենք, ինչին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ես որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք։ Էնքան էմոցիոնալ եք, չեք վերլուծում որևէ բան։ Միջազգային մի կառույց պատերազմից հետո իմ ամբողջ 44 օրերի հայտարարութունները վերլուծել ու  տվել է ինձ։ Այդ օրերի ընթացքում 400 հրապարակում եմ ունեցել, մոտ 170 հրապարակում եղել է «Հաղթելու ենք», մոտ 160 հրապարակում եղել է այն մասին, որ վիճակը շատ ծանր է։ Փորձագետներն իրենց գնահատականն են տալիս քարոզչությանը, և այն շատ ճիշտ պրապորցիաներով է իրականացվել»,-լրագրողներին ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ «Հաղթում ենք» հայտարարություն կամ գրառում նա երբեք չի կատարել։

Իսկ՝ Ինչու ասացիք, որ հաղթելու ենք՝ լրագրողի հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Որովհետև հավատում էի, որ հաղթելու ենք։ Եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին խաբել եմ: Մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք, մինչև Շուշին ընկնելու օրը»։

Արծրուն Հովհաննիսյանը ցավում է, որ դավաճան են փորձում գտնել զինվորականների շրջանում։ Նրա խոսքով՝ Շուշիի գրավումը կամ հանձնումը իր համար էլ դեռ բացահայտված չէ։

«Նոյեմբերի 6-ին ես եղել եմ Շուշիում, ամսի 7, 8 և 9-ին իրավիճակը կտրուկ փոխվել է։ 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, բացառապես ԳՇ օպերատիվից և ՊԲ-ից։ Չկա պատերազմ, որտեղ չեն սխալվել, որտեղ տեղեկատվության խզվացք չի առաջանում։ Պատերազմից 3-4 ամիս անցել է, ես ամեն օր ուսումնասիրում եմ առանձին դրվագները, բաներ կան՝ իմ ուղեղում էլ չի տեղավորվում»,-նշեց նա։