Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, որը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինն է, աշխատանքից ազատման դիմում է գրել:
«Հարգելի հայրենակիցներ
Հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։
Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար։
Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել Կոմիտեի աշխատակազմին շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի համար և մաղթել աշխատանքային և անձնական հաջողություններ»,– գրել է նա։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նման որոշման պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շատ լարված հարաբերություններն են, մասնավորապես՝ Պապիկյանը Բաբայանին արգելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ ուղիղ շփումներ ունենալ, և Բաբայանը այդ անելանելի իրավիճակից լուծումը տեսել է դիմում գրելն ու հեռանալը։
Նշենք, որ Բաբայանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ է նշանակվել 2018 թ-ի հունիսի 12-ին։