կարևոր
1622 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-31 12:44

Ակնայում բացված ռուս-թուրքական կենտրոնի «մոնիթորինգի» սպառնալիքները դեռևս ամբողջությամբ ընկալված չեն

Հունվարի 30-ին սկսեց գործել Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը: Կենտրոնը տեղակայված է Ակնայում (Աղդամում), որը Բաքվի վերահսկողության տակ է անցել 2020 թվականին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: Թուրքական անձնակազմը կղեկավարի գեներալ-մայոր Աբդուլա Գեթըրչին, իսկ ռուսականը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ֆելորենկոն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, փոխնախարար Յունուս Էմրե Գարաօսմանօղլուն և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Հաղորդվում է, որ կենտրոնի ընդհանուր տարածքը կազմել է մոտավորապես 4 հեկտար։

Տարածքի ողջ երկայնքով կազմավորվել են չորս դիտակետեր, որոնք 24 ժամ շարունակ անվտանգություն են ապահովելու։ Կենտրոնում ռուս և թուրք զինվորների քանակը լինելու է հավասար՝ յուրաքանչյուր կողմից 60 զինծառայող։ Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը պահպանվելու է Ադրբեջանի բանակի կողմից։

Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների միջոցով թուրքական կողմը ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն է ստանալու, այլ ռադիոհետախուզության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ևս մեկ վտանգավոր գործոն։ 

Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների միջոցով թուրքական կողմը ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն է ստանալու, այլ ռադիոհետախուզության։

Կարծում եմ՝ այս «մոնիթորինգի» սպառնալիքները դեռևս ամբողջությամբ ընկալված չեն։

Ի դեպ, առհասարակ էական նշանակություն չունի, թե դա որտեղ է տեղակայված մոնիթորինգային կենտրոնը՝ Ակնայի շրջանում (նախկին Աղդամ), թե Բաքվում, որովհետե տեղակայման վայրի ընտրությունը որևէ ձեւով չի մեծացնում կամ նվազեցնում դրա վտանգավորությունը։

Կենտրոնի գործունեության արդյունքում առաջացող սպառնալիքները դրա ֆունկցիոնալ հնարավորությունների և հեռուն գնացող նպատակների մեջ է»,- գրել է նա։