Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ են իրականացրել ավելի քան 123 հեկտար տարածքի վրա՝ հայտնաբերելով մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Լեռնային Ղարաբաղում «Առաջնորդ» կենտրոնի ականազերծող խումբը ներկայում աշխատանքները շարունակում է Մարտունու շրջանում (ավելի վաղ՝ Ասկերանում): Ամբողջ ժամանակահատվածում այս տարածքներում հետազոտվել է ավելի քան 110 հա տարածք, որտեղ հայտնաբերվել է շուրջ 15 հազար զինամթերք: Ընդ որում՝ հայտնաբերվել է ավելի քան 6,8 հազար հրետանային արկ և 3,4 հազար տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև՝ ավելի քան 730 ականանետային արկ ու ավելի քան 1100 նռնակ:
Միայն հունվարի 29-ի օրվա ընթացքում ականազերծողները հայտնաբերել են 115 պայթյունավտանգ առարկա, որոնց մասին տեղեկատվությունը ստացվել է տեղի բնակչությունից»,- հայտնում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ նշելով, որ տեղի բնակիչներն աջակցություն են ցուցաբերում գերատեսչության աշխատակիցներին՝ տեղեկատվություն հաղորդելով պայթյունավտանգ առարկաների գտնվելու հնարավոր վայրերի մասին: