կարևոր
3265 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-30 13:28

Մենք կատարվածը վերագրելու ենք հայի դժբախտ ճակատագրին, այլ ոչ թե մարդու այն տեսակին, որին իշխանության է բերել նույն ինքը՝ հայ ժողովուրդը. Սենոր Հասրաթյան

Այսօր «Շուշիի կարգավիճակի» վերաբերյալ լայվով արդարացում որոնող ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ելույթից հետո նորից համոզվեցի, որ կա մարդու տեսակ, ով ժողովրդի անունից զավթած լինելով իշխանությունը՝ կարող է ոչ միայն անտեսել իրեն իշխանական աթոռին բերած ժողովրդի հետաքրքրությունները, այլև անընդհատ անամոթաբար նրան ստել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Մարդու այդ տեսակը Երկրի համար դարձել է պատիժ, որից ազատվելն այլևս ժամանակի հրամայական է... Հակառակ դեպքում իր այդ անտրամաբանական ու ազգավտանգ «արդարացումներով» նա վերջնականապես լափելու և կործանելու է մեր Հայրենիքը... Իսկ հետո, ինչպես միշտ, մենք կատարվածը վերագրելու ենք հայի դժբախտ ճակատագրին, այլ ոչ թե մարդու այն տեսակին, որին իշխանության է բերել նույն ինքը՝ հայ ժողովուրդը...

Հ.գ. - Հետաքրքիր է մարդու այդ տեսակը երկրի թիվ մեկ ամբիոնից խոսելով 90-ականների սկզբին Շուշին 90%-ով ադրբեջանաբնակ քաղաք լինելու մասին, տեղյա՞կ էր, որ դարեր շարունակ 100%-ով հայաբնակ էին Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների բռնազվթված տարածքները... Եթե այո, ապա ինչպես է վերաբերվում այն իրողությանը, որ Շուշին օր-օրի հետևողականորեն նորից ադրբեջանակացվում է, իսկ բռնազավթված հայկական տարածքների բնակչությունն այսօր՝ գաղթականի կ ա ր գ ա վ ի ճ ա կ ու մ, ժամանակավոր կացարաններ է փնտրում Ստեփանակարտում, Երևանում և այլուր... Ես այդ հարցի պատասխանն ունեմ, իսկ դու՞ք...»։

Հիշեցնենք, որ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովում իր ասածը ոչ թե Շուշիի ծագումնաբանության, այլ քաղաքի կարգավիճակի մասին է եղել:

Երբ հունվարի 28-ին՝ Եռաբլուրում, yerkir.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք Շուշին ադրբեջանական է համարում, Փաշինյանը պահանջել էր իր խոսքերը ուղիղ մեջբերմամբ գրել ու բերել կառավարություն, եւ ինքը կպատասխանի հարցին ուղիղ եթերում: Լրագրողը պաստառի վրա գրել եւ կառավարություն էր բերել նրա խոսքերը, բայց որոշ քաղաքացիներ պատռել էին պաստառը: Փաշինյանն լրատվամիջոցներին մեղադրում է իր դեմ մանիպուլյացիաներ անելու համար: