կարևոր
485 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-01-29 21:54

Հետհեղափոխական փոխնախարարը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց Լոռեցյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը

Հետհեղափոխական փոխնախարարը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց Լոռեցյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր մերժել է ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը։

Նշենք, որ դատական նիստի ընթացքում նման միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպան Լևոն Սահակյանը՝ որպես գրավի չափ առաջարկելով 2 մլն ՀՀ դրամը։

Լոռեցյանի կալանավորման հիմքում դրված է խոչընդոտման ռիսկը։ Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն առարկեց Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ՝ նշելով, որ բազմաթիվ դատական ակտերով հիմնավորվել է գործի քննությունից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը։ Նրա խոսքով՝ դատարանը երկու անգամ գնահատել է վկաների վրա ազդեցություն ունենալու և թաքնվելու հանգամանքները և միջնորդությամբ որևէ նոր բան չի ասվում։

Դատախազը հայտարարեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում կայացրեց մերժել պաշտպանի բողոքը։ Այսպիսով՝ Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանավորված։

Արայիկ Հարությունյանի պաշտոնավորման օրոք՝ 2018 թ.-ի հոկտեմբերին նշանակված, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 25-ամյա երիտասարդ և հետհեղափոխական խոստոմնալից կադր ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կալանքի տակ է 2019թ դեկտեմբերից։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լաուռ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, Հ․ Քանանյանի ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։ Նշենք, որ այս գործով մեղադրյալները երեքն են։