482 դիտում, 2021.01.29 12:27

Այսօր Առաջին Հանրապետության հիմնադրի՝ Արամ Մանուկյանի հիշատակի օրն է

Այսօր Առաջին Հանրապետության հիմնադրի՝ Արամ Մանուկյանի հիշատակի օրն է

«Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգիի սենյակը եւ խոսեցեք ձեր խղճի հետ եւ ըսեք, արդյոք աշխատե՞ր եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամ, տվե՞ր էք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»:

Նիկոլ Աղբալյան

«Ցույց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրավունք ունի.այժմ կամ երբեք»: Իր այս կոչն իրականություն դարձրած, կորսված պետականությունը վերականգնած, Առաջին Հանրապետության հիմնադիր, Ներիքն գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակի օրն է այսօր:

«Արամի հուղարկավորությունը համաժողովրդկան մեծ սուգ էր: Հազարավոր մարդիկ էին գալիս վերջին հարգանք մատուցելու այն մարդուն, որին վստահել էին իրենց բախտը ամենածանր օրերին:Դաշնակցության Տան առջև դամբանականներ խոսվեցին: Հոյակապ էր ու անմոռանալի մանավանդ Նիկոլ Աղբալյանի խոսքը: Հանգստարանում խոսեցին Քաջազնունին, Աբրահամ Գյուլխանդանյանը և ուրիշներ: Այդ օրը Հայաստանի մայրաքաղաքը համակված էր ընդհանուր սուգով…»,- գրության հեղինակը Արամ Մանուկյանի ընկերներից Արշալույս Աստվածատրյանն է: 

Բացառիկ հայրենասիրությամբ ու հեռատեսությամբ աչքի ընկած Արամ Մանուկյանը երիտասարդ տարիքից Դաշնակցության միջոցով նվիրվել է իր ժողովրդի ազատության գաղափարին: Նրա հաջողություններից առանձնանում են Վանում եւ Երեւանում արձանագրած պատմական հաղթանակները:

Վանի 1915թ. ինքնապաշտպանության շնորհիվ ավելի քան 150 հազար վասպուրականցիներ փրկվեցին թուրքական յաթաղանից: Արամ Մանուկյանի վճռականության շնորհիվ 1918թ. մայիսին Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում հայկական կանոնավոր զորքն ու աշխարհազորը թշնամուն ջախջախեցին ու հայ ժողովրդին փրկեցին ոչնչացումից:

Նորանկախ Հայաստանի ստեղծման եւ նրա կայացման գործում ունեցած հսկայական ավանդի համար Արամ Մանուկյանն արժանացել է Հանրապետության հիմնադրի կոչմանը:

2018-ին Հանրապետության 100-ամյակն էր, ինչի առիթով վերջապես Երեւանի կենտրոնում պետք է վեր խոյանար նրա հրաշակերտ արձանը։ Անգամ այս հարցում Արամ Մանուկյանին դժվարին փորձություն էր սպասվում։ Եղան կառավարական բազում խոչընդոտներ, արգելքներ, սակայն հաղթեց ողջախությունն ու պատմական արդարությունը: