կարևոր
2339 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-28 18:40

Դուք հպարտությամբ վճարեցիք ձեր պարտքը, իսկ մենք ձեզ պարտապան մնացինք. ԵՊԲՀ-ում ռազմական բժիշկների պատվո հուշատախտակ է տեղադրվել

Դուք հպարտությամբ վճարեցիք ձեր պարտքը, իսկ մենք ձեզ պարտապան մնացինք. ԵՊԲՀ-ում ռազմական բժիշկների պատվո հուշատախտակ է տեղադրվել

«Դուք հպարտությամբ վճարեցիք ձեր պարտքը, իսկ մենք ձեզ պարտապան մնացինք» գրառմամբ պատվո տախտակն այսօր տեղադրվել է Երեւանի պետական բժշկական համալսարանում: Այս գրառման տակ փորագրված են Արցախում պատերազմի ժամանակ զոհված 29 ռազմական բժիշկների ու ուսանողների անունները:

Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ այս երիտասարդ բժիշկները չհասցրեցին խաղաղ պայմաններում հազարավոր կյանքեր փրկել, նրանք հերոսացան՝ իրենց կյանքը զոհաբերելով հանուն մյուսների փրկության:

«Հայոց բանակի հիմնադրման օրը, մենք հավաքվել էինք մեր բժշկական մայր բուհում, որպեսզի կատարենք ամենապատվարժան պարտականություններից մեկը՝ հավերժացնենք մեր գործընկերների անունները, ովքեր չհասցրին հազարավոր կյանքեր փրկել խաղաղ պայմաններում, բայց հերոսացան՝ փրկելով արժանապատվությունը, մեր զինվորներին, ժողովրդին: Նրանք հավերժ ներկա են լինելու մեր համալսարանում: Յուրաքանչյուր երիտասարդ ուսանող այստեղ գտնվելով պետք է հիշի՝ այս հերոսները պարտավորություն կրելով ժողովրդի առջև նվիրեցին ամենաթանկը՝ չխնայելով ոչ երիտասարդություն, ոչ հեռանկարներ, ոչ ապագա, անգամ ձեր և մեր արցունքները»,- նշել է ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանն իր հերթին նշեց, որ պատերազմի ժամանակ թշնամական ուժերը, ասես, հատուկ թիրախավորում էին բժիշկներին. բոլոր միջազգային նորմերին եւ հումանիզմի պատկերացումներին հակառակ՝ ադրբեջանա-թուրքական ուժերը առաջին հերթին հարձակվել են կարմիր խաչով համազգեստակիր մարդկանց եւ կարմիր խաչով մեքենաների վրա:

Գրեթե բոլոր 29 ռազմական բժիշկներն ու ուսանողները զոհվել են վիրավորներին օգնություն ցույց տալիս: 

Ազատ Զաքարյանը, Հարություն Չոբանյանը եւ մյուս շատերը զոհվել են, երբ վիրավոր զինվորներին էին տեղափոխում: Նույնպիսի հանգամանքներում է զոհվել Նարեկ Մեսրոպյանը, իսկ նրա գործընկերը, որն այդ պահին նրա հետ էր, ծանր վիրավորվել է:

Սաշա Ռուստամյանը զոհվել է, երբ մեքենայից դուրս է եկել՝ ցանկանալով օգնություն ցույց տալ վիրավորին, որն իրականում հայկական համազգեստ հագած դիվերսանտ էր:

Եվս երեք բժիշկ ու ուսանող այս պահին համարվում են անհետ կորած, եւ նրանց անունները տախտակի վրա չեն փորագրել. բոլորը ցանկանում են հուսալ, որ կհաջողվի նրանց գտնել: