կարևոր
1848 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-28 15:28

29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ․ Իշխան Սաղաթելյան

29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ․ Իշխան Սաղաթելյան

29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Եռաբլուր» պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում։

Նա ևս մեկ անգամ վստահություն ՝ հայտնել, որ Հայաստանի բանակը, հայ զինվորն այս պատերազմում չի պարտվել՝ պարտության պատճառը եղել է առաջին հերթին քաղաքական։

«Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է հզոր բանակ, Հայաստանի սահմանները պաշտպանող բանակ, դա լինելու է մոտ ապագայում»,- ասել է նա։

Անհնազանդության ակցիաների մասին Իշխան Սաղաթելյանն ասել է, որ երեկ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հրավիրել է նիստ, հանդես է եկել հայտարարությամբ․ առաջին հանրահավաքը նշանակված է փետրվարի 18-ին։

«Հայրենիքի փրկության շարժման հայտարարություններն ուժի մեջ են. առաջիկայում լինելու են և՛ բողոքի երթեր, և՛ ցույցեր, և՛ անհնազանդության շարժումներ»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրել է, որ իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները, թե շարժումը մարել է, որովհետեւ չի կարծում՝ հայրենիքի մեծ մասը հանձնած ու այսքան դժբախտություններ մեր ժողովրդի գլխին բերած իշխանությունը կարող է մնալ իշխանության։

Սաղաթելյանն ասել է՝ իրենց մեղադրում են ոչ վճռական գործողությունների մեջ, բայց իրենք ասել են, թե որն է այս կառավարությանը հեռացնելու ճանապարհը. «Այո, Նիկոլ Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջ կա, բայց այդ պահանջը մենք չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի և վերածելու ենք»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու և 17 կուսակցությունների քաղաքական օրակարգը Ռոբերտ Քոչարյանի օրակարգին համընկնելու հարցի մասին Սաղաթելյանն ասել է՝ Քոչարյանն այլ բան չի ասում, ինչ ասում է 17-ի շարժումը։

«Մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը, դրան հավատարիմ շարունակում ենք գնալ առաջ, Ռոբերտ Քոչարյանը դրան հակառակ բան, ըստ էության, չի ասել»,-նշել է նա։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Իշխան Սաղթելյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի գխավորությամբ ընտրություն կազմակերպելը նշանակում է, որ երկրում շարունակելու է լինել անկայունություն, երկրում ատելության մթնոլորտը, պառակտումը մնալու է։

«Նրա գլխավորությամբ ընտրությունները վտանգավոր են Հայաստանի համար, որովհետեւ ինքն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար, որպեսզի չդատվի։ Ինքն ամեն ինչ անելու է պատասխանատվությունից խուսափելու համար»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։