756 դիտում, 2021.01.28 11:43

Մեր համոզումներում որեւէ փոփոխություն չկա, մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Գարեգին Բ

Մեր համոզումներում որեւէ փոփոխություն չկա, մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Գարեգին Բ

Հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջեւ կանգնած չի եղել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող այսպես չի եղել մեր ժողովրդի համար։ Այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պիտի գտնվեր եւ իր խոսքը պիտի ասեր, իր խոսքը՝ զգաստացնող, պատգամի կերպով բերող»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հարցին՝ արդյոք ինքը շարունակո՞ւմ է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վեհափառն ասաց.

«Մեր համոզումներում, դիրքորոշումներում որեւէ փոփոխություն չկա»։

Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իր հայտարարությունից հետո քաղաքացիները դուրս չեկան փողոց եւ չպահանջեցին նրա հրաժարականը, կաթողիկոսն արձագանքեց.

«Հորդոր եւ կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց եւ համապատասխան գործողություններ իրականացնի։ Մենք հորդոր ենք ուղղել ՀՀ վարչապետին։ Մեր հիմնավորումներն առկա են մեր խոսքի տեքստում»։

Կաթողիկոսն անդրադառնալով եկեղեցին քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնելու հարցին, ասաց.

«Եկեղեցին քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնել է, երբ չենք ունեցել պետականություն։ Այսօր գոհություն Աստծո, նաեւ եկեղեցու դարավոր պայքարի արդյունքում ունենք հայոց պետականություն։ Եկեղեցին ամբողջապես իր ջանքերը ներդնելու է այդ պետականության զորացման, անվտանգության, ամրացման նվիրական գործին»։